13/04/2022 09:43
«Հրապարակ». «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը մինչև վերջերս աշխատում էր և մեկ ամիս առաջ կանգնեց, դեռ չի աշխատում. Պատճառը սանկցիաներն են
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն 2 տարի է՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանը սնանկ է ճանաչվել: Սնանկության որոշումը դատարանն ընդունել էր 2020 թվականի ապրիլին: Սակայն վերջերս կոմբինատում կրկին աշխատանքային եռուզեռ է: Գործարկվել է մի փոքրիկ արտադրամաս, որը, ըստ տեղացիների, երկաթյա գնդիկներ է արտադրում Արարատի ցեմենտի գործարանի համար: Ալավերդցիներից տեղեկացանք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը մինչև վերջերս աշխատում էր և մեկ ամիս առաջ կանգնեց, դեռ չի աշխատում: Պատճառը սանկցիաներն են:
«Ընկերությունը հայտարարում է, որ պատճառը լոգիստիկայի փոփոխությունն է, և որ «Թեղուտը» շուտով կբացվի, բայց բոլորս հասկանում ենք, որ, ըստ էության, Ռուսաստանի դեմ սանկցիաների հետևանքով է գործարանը կանգնել, որովհետև այն ՎՏԲ-ին է պատկանում», - ասում է գործարանին մոտ աղբյուրը:
Հիշեցնենք, որ մարտի կեսերին «Թեղուտն» անորոշ ժամանակով կանգ առավ, իսկ աշխատողներին ասվեց, որ պատճառը պլանային վերանորոգման աշխատանքներն են, և իրենք մի երկու շաբաթից կվերադառնան աշխատանքի՝ հանքավայր։ Շնողի գյուղապետարանից երեկ հայտնեցին, որ ձեռնարկությունը դեռ չի աշխատում։ «Միայն անվտանգության աշխատողներն են գործի գնում»»։