13/04/2022 09:51
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորներն անտեղյակ են՝ ինչ է կատարվում Հայաստանի և Արցախի շուրջ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկու օր առաջ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց էին ունեցել: Այն հաջորդել էր Բրյուսելում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպմանը: Ըստ նախարարության հաղորդագրության՝ երկու երկրների նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը երեկ ամբողջ օրն Ազգային ժողովի իշխանական թևից փորձեց մանրամասներ իմանալ թե՛ վերոնշյալ հեռախոսազրույցի, թե՛ Փաշինյան-Ալիև ապրիլվեցյան հանդիպման մասին: ՔՊ-ական պատգամավորները, սակայն, պաշտոնական հաղորդագրություններից անդին որևէ այլ մանրամասնության չէին տիրապետում:
Հայաստանի արտաքին քաղաքականության մասին հարցեր լսելիս իշխանական պատգամավորները խուսափում ու «շտապում են»՝ ըստ երևույթին ցանկանալով նրբորեն թաքցնել, որ իրենց պատասխանատու կառավարական կաբինետը հանդիպումներից, բանակցություններից կամ հեռախոսազրույցներից հետո մանրամասներ չի հայտնում, քննարկումներ չի ունենում, կարճ ասած, ԱԺ-ին հաշվետու չեն:
ՔՊ-ական պատգամավորները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարագավորմանը վերաբերող հնարավոր ապագա հանդիպումների կամ հեռախոսազրույցների մասով հորդորեցին սպասել նախարարության կամ կառավարության հերթական հաղորդագրությանը»։