13/04/2022 09:57
«Ժողովուրդ». Հայկական կողմը թաքցնում է դեպքերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայկական կողմը թաքցնում է դեպքերը։ Բանն այն է, որ օրերս Փառուխ գյուղի մոտակայքում ադրբեջանական կողմից հրադադարի խախտման հետևանքով Արցախի զինուժի մեկ զինծառայող է վիրավորվել։ Այս մասին հրապարակում է արել ռուսական խաղաղապահ առաքելությունը, սակայն ՀՀ ՊՆ-ն և ՊԲ-ն որևէ տեղեկատվություն չեն հրապարակել։
Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ միջադեպը ռուսական կողմը հարթել է կողմերի հետ համագործակցության շնորհիվ։
Արցախի տեղեկատվական շտաբը միայն տեղեկացրել էր, որ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի հատվածում, սակայն դեպքի մասին տեղեկատվություն չէր տվել։ Նշենք, որ մարտի 24-ին ադրբեջանական զինուժը խախտել է շփման գիծը Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում և առաջացել դեպի ռազմավարական Քարագլուխ բարձունքը։
Արցախի պաշտպանության բանակի երեք զինծառայող է զոհվել, մեկ տասնյակից ավելին՝ վիրավորվել։ Ներկայում Փառուխ գյուղը վերահսկում են ռուս խաղաղապահները, որոնց մասնակցությամբ նաև ջանքեր են գործադրվում՝ ադրբեջանցիներին վերադարձնելու ելման դիրքեր»։