13/04/2022 10:58
Մարդիկ կան, որոնց լեզուն պտտվում է ասել, թե ՀՀ-ն Արցախից ձեռքերը լվացել է. Հայաստանը նախկինում երբեք այնքան աջակցություն չի ցուցաբերել Արցախին, ինչպես հիմա. Վարչապետ
Հայաստանը նախկինում երբեք այնքան աջակցություն չի ցուցաբերել Արցախին, ինչպես հիմա, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը 2021 թվականի ձեռքբերումներից անկյունաքարային համարեց խորհրդարանական ընտրություները:
«Աղետալի պատերազմից հետո տեղի ունեցած այդ ընտրություններն ի ցույց դրեցին մեր պետականության ու ժողովրդի դիմակայունությունը, պետականություն ունենալու մեր կամքը, բարձրացրեցին ՀՀ միջազգային վարկը և արձանագրեցին մեր հավատարմությունը ժողովրդավարությանն ու ժողովրդավարական արժեքներին: Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ 2021-ի ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միջոց, այլ ոչ թե ներքաղաքական ճգնաժամի պատճառ», - ասաց Փաշինյանը:
44-օրյա աղետալի պատերազմից հետո, ըստ վարչապետի, հանրային հուզումների և ալեկոծությունների, հարձակումների և սպառնալիքների մթնոլորտում քաղաքական մեծամասնությունը ժողովրդի բարձրագույն իշխանության կարգավիճակը պահպանելու և պաշտպանելու ուժ գտավ իր մեջ՝ արտահերթ խորհդարանական ընտրությունների գնալով:
Նա 2021-ի կարևորագույն ձեռքբերում համարեց նաև մակրոտնտեսական կայունության ապահովումը հետպատերազմական ծանր շրջանում, որն ահագնանում էր նաև ներքաղաքական և կորոնավիրուսային ճգնաժամով, անվտանգային անորոշ միջավայրով և տագնապներով:
«Այս պայմաններում ոչ միայն հնարավոր եղավ պահպանել պետական կառավարման և տնտեսական կայունությունը, այլև եվրապարտատոմսերի աննախադեպ՝ 750 մլն դոլար ծավալով տեղաբաշխում իրականացնել՝ բոլոր պետական թողարկումների համեմատ ամենացածր տոկոսով», - ասաց վարչապետը:
Փաշինյանը հիշերեց նաև, որ միջազգային հեղինակավար «Fitch» և «Moody’s» վարկանշային գործակալությունները վերահաստատել են ՀՀ-ին տրված կայուն հեռանկարով վարկանիշները՝ վարկունակության մակարդակը գնահատելով որպես վստահելի՝ կարևորելով առկա ռիսկերը կառավարելու կառավարության կարողությունները:
«Սրանք պատերազմ վերապրած երկրի համար չափազանց բարձր ու կարևոր գնահատականներ են ու այս գնահատակնները հաստատվեցին նաև գործնականում մեր երկրի քաղաքաղական դիմակայունությանը՝ զուգահեռ ի ցույց դնելով ֆինանստնտեական դիմակայունությունը: Եվ որպես արդյունք՝ 2021-ի հարկային բյուջեի եկամուտները, տարեսկզբին պլանավորվածի նկատմամբ, գերակատարվեցին 147 մլրդ դրամով, այսինքն՝ հետպատերազմական ճգնաժամային տարում կառավարությունը ոչ միայն չկրճատեց ծախսերը, այլև լրացուցիչ ծախսեր ֆինանսավորելու հնարավորություն ունեցավ: Այդ լրացուցիչ ծախսերի մի զգալի մասն ուղղվեց պատերազմից վիրավոր Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Ու այս ֆոնին, երբ 2020-ի նոյեմբերից մինչև 2021-ի ավարտը կառավարությունն Արցախում իրականացրել է 136 մլրդ դրամի ծրագիր, իսկ 2022-ի բյուջեով 144 մլրդ դրամի ֆինանսավորում է նախատեսել, մարդիկ կան, որոնց լեզուն պտտվում է ասել, թե ՀՀ-ն Արցախից ձեռքերը լվացել է: Հայաստանը նախկինում երբեք այնքան աջակցություն չի ցուցաբերել Արցախին, ինչպես հիմա», - հայտարարեց ՀՀ վարչապետը: