13/04/2022 10:42
Միջազգային հանրությունը Հայաստանին հստակ ասում է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև՝ ՀՀ համար. Վարչապետ
Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե երբ ծանոթացել է Արցախի հարցով բանակցային փաստաթղթերին, համոզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ամենևին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր, թե Հայաստանը պատրաստ էր թողնել 7 շրջանը, բայց ամեն անգամ Ադրբեջանը առաջ էր քաշում նոր պայմաններ:
«Հասկացա, որ Ռոբերտ Քոչարյանը ամենևին էլ չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի: Դժվար էր համոզվել, որ 30 տարիների զրկանքների արդյունքում կարելի էր հանձնել հաղթանակի պտուղներն ու դիմացը չստանալ ոչինչ. սա ընդունել, նշանակում էր խոստովանել, որ հռչակելով պետություն՝ մենք ստեղծել ենք ֆասադ ու լիովին ու գլխովին ձախողել ենք պետության ինստիտուտցիոնալ կայացման գործը», - ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ բովանդակային առումով նույն վիճակն է հիմա. այսօր միջազգային հանրությունը Հայաստանին հստակ ասում է՝ լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակով չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի համար:
«Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի-փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը ու միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի ու Արցախի շուրջ, հակառակ դեպքում, ասում է միջազգային հնարությունը՝ մեր վրա հույս չդնեք ոչ թե այն պատճառով, որ չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել», - հայտարարեց ՀՀ վարչապետը: