13/04/2022 17:06
Բանակցությունների երկկողմ՝ Ադրբեջան-Հայաստան ձևաչափ գոյություն չունի․ Բայրամովի հետ խոսակցությունը բանակցությունների մեկնարկի մասին էր․ ԱԳ նախարար (Տեսանյութ)
Իմ և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ադրբեջանի արտգործնախարարի հետ ուղիղ քննարկումը, նրա խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների երկկողմ ձևաչափ չի ենթադրում․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության վերաբերյալ հայկական կողմի պատկերացումները նույնն են մնացել։
«Մենք ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում», - ասաց Միրզոյանը։
Այս պահին, նրա խոսքով, համանախագահող երկրների միջև հակասությունները թույլ չեն տալիս, որ «եռյակը» կարողանա քննարկում կազմակերպել։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ առումով որևէ վակուում առաջանա, բայց ես ձեռնպահ կմնայի երկկողմ ձևաչափ (Ադրբեջան և Հայաստան-խմբ․) ձևակերպումը տալ, երկկողմ ձևաչափ, ըստ էության, գոյություն չունի, երկկողմ բանակցություններ տեղի չեն ունեցել, եղել է խոսակցություն բանակցությունների մեկնարկի, ոչ թե բովանդակային բանակցությունների մասին», - նշեց Միրզոյանը։