14/04/2022 10:46
«Դարձիր փոփոխությունը». Ամերիաբանկը 3 միլիոն դրամ նվիրեց կրթական ոլորտում նորարարական նախագիծ ներկայացրած ուսանողներին (Տեսանյութ)
Ամերիաբանկն ամփոփեց VISA վճարային համակարգի հետ իրականացրած «Դարձիր փոփոխությունը» ուսանողական մրցույթը։ «Նորարարական գաղափարների նախագծեր, որ հնարավոր կլինի իրագործել 1-2 տարում 3 միլիոն դրամի շրջանակներում». սա մրցույթի առանցքային պայմանն էր։ Հաղթող ճանաչվեց TakеAR թիմը՝ կրթական ոլորտը լրացված իրականության /augmented reality/ և վիրտուալ իրականության /virtual reality/ տեխնոլոգիաներով հագեցնելու նախագծով։
Հաղթող թիմի ներկայացուցիչ Վիգեն Խաչատրյանն ասում է՝ իրենց նպատակն է կրթության հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ առարկաների, թեմաների արդյունավետ յուրացմանը նպաստելը։
«Որպես գաղափարի մեկնարկ նախատեսվում է լրացված իրականության տեխնոլոգիայի միջոցով 9 ամսվա ընթացքում ստեղծել 8-րդ դասարանի կենսաբանության /մարդ-անատոմիա/ դասագրքի վիրտուալ լաբորատորիա` բջջային հավելվածի ձևով, որը կներառի 3D մոդելներ, 3D անիմացիաներ, թեմայի հակիրճ ձայնագրություն»։
Մրցույթին ներկայացված նախագծերն ուսումնասիրել և գնահատել են տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագետներ։ «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը կարևորում է նմանօրինակ մրցույթները՝ փոքր քայլերով համակարագային փոփոխությունների հասնելու համար։
«Մրցունակ կրթություն ունենալը պետք է լինի վերջնանպատակ. նման մրցույթները փոքր քայլերով մոտեցնում են այդ մեծ նպատակին։ Երիտասարդությանը խրախուսելը, գաղափարները հովանավորելը երկարաժամկետ ներդրում է՝ պետության զարգացմանն ուղղված։ Հատկապես ուրախացրին աղբի տեսակավորման, վերամշակման նախագծերը։ Երկրի հանդեպ վերաբերմունքը, այո, սկսվում է աղբի հանդեպ վերաբերմունքից. հայրենիքի տարբեր համայնքներում, վայրերում կուտակված աղբը ցուցիչ է, որ մեր երկիրը բավարար չենք սիրում, ուրախ եմ, որ երիտասարդներն էլ խնդիրը նկատել են, լուծմանն ուղղված նախագծեր ներկայացրել», - ասում է նա։
Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության Զարգացման և վերապատրաստման բաժնի ղեկավար Վահան Մելքումյանն էլ նման մրցույթները համարում է կարևոր հարթակ՝ երիտասարդների ամենախենթ գաղափարների իրագործման համար։
«Շատ ուրախ եմ այսքան պայծառ երիտասարդներ տեսնել, վերջին տարիներին հարյուրից ավելի նախագծեր ենք իրականացրել երիտասարդների, ուսանողների համար՝ հնարավորություն տալով ռեալիզացնելու ամենաանհավանական թվացող գաղափարները», - նշում է նա։
Girls in Tech Armenia-ի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանին էլ հատկապես ոգևորել են մրցույթին մասնակցած աղջիկները. «Շատ տպավորված եմ աղջիկ մասնակիցներով, ուրախ եմ, որ նախաձեռնող են, իրենց տեսնում են նորարարկան գաղափարներ, բիզնես նախագծեր իրականացնողների շարքերում»։
Մրցույթին ներկայացված էին աղբը տեսակավորելու, մարզերում ապրող մարդկանց համար անվճար բժշկական օգնություն ցուցաբերելու, էկո բաժակներ և ափսեներ արտադրելու, ժամանցային միջոցառումների պլանավորման հավելվածի ստեղծման նախագծեր։
Մրցույթի կազմակերպիչները խրախուսական մրցանականեր էին նախատեսել մասնակից թիմերից մի քանիսի համար, ընդգծելով՝ մրցույթի կարևորագույն խրախուսանքը տարբեր ոլորտների փորձառու մասնագետների և երիտասարդների հեռանկարային համագործակցությունն է։