14/04/2022 18:10
Կոսմետիկ ատամնաբուժություն. Ինչի՞ց սկսել. խորհուրդ է տալիս ատամնաբույժը
Ձյունաճերմակ, շլացուցիչ ժպիտը ինքնավստահության ու հմայքի գրավականն է։ Ցավոք, բնությունը ոչ բոլորին է օժտել ամուր, առողջ ատամներով։ Տարիքի հետ մենք կորցնում ենք ատամները, առաջանում են տարբեր խնդիրներ, իսկ էմալի գույնն ամենևին էլ հաճելի չի թվում։ Եվ ահա շտապում ենք օգտվել կոսմետիկ ատամնաբուժության ընձեռած հնարավորություններից, որոնք վերջին տարիներին մեծ առաջընթաց են գրանցել։
«Սկզբնական փուլում ցանկալի է մեկ-երկու անգամ սպիտակեցնել ատամները։ Այս պրոցեդուրան ոչ այնքան կոսմետիկ է, որքան հիգիենիկ։ Այն չի փոխում էմալի գույնը, այլ միայն հեռացնում է ատամնափառը և փայլեցնում էմալը։ Այս գործողության շնորհիվ ատամներն ազատվում են քարերից, սակայն կան մեթոդներ, երբ ատամնաքարը հեռացնում ենք ուլտրաձայնի միջոցով», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ատամնաբույժ Հայկ Կիրակոսյանը։
Կոսմետիկ ատամնաբուժության մեջ ատամների քիմիական սպիտակեցումը հաճախ մերժվում է շատ ատամնաբույժների կողմից, քանի որ այն կարող է վնասել ատամի էմալը: Ատամը դառնում է ավելի փխրուն ու ենթակա վաղաժամ կոտրման։ Բավականին հաճախ քիմիական սպիտակեցումից հետո ատամների զգայունությունը մեծանում է, և հազիվ թե հնարավոր լինի առանց ցավի տաք կամ սառը սնունդ ընդունել։
Մեզ հետ զրույցում ատամնաբույժը խոսեց նորօրյա տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների մասին.
«Խորհրդային օրթոդոնտիայում հնարավոր էր համարվում ատամների ուղղումը միայն 14 տարեկանից ցածր պացիենտների համար։ Այժմ կոսմետիկ ատամնաբուժության ժամանակակից միջոցները օգնում են հաջողությամբ հարթեցնել ատամները նույնիսկ մեծահասակների պարագայում»:
Բրեկետային համակարգերն օգնում են ուղղել ատամները ցանկացած տարիքի հիվանդների համար: Կախված ազդեցությունից՝ բրեկետներ կրելը տևում է վեց ամսից մինչև երկու տարի։ Նրանք կարող են ամրացվել ինչպես ատամների ներսից, այնպես էլ արտաքինից։ Բրեկետները կարող են պատրաստվել մետաղից, կերամիկայից, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և քարերից։ Աստիճանաբար բժիշկը կարգավորում է ճնշումը յուրաքանչյուր ատամի վրա։ Հնարավոր է նույնիսկ շատ անհարթ ատամների շտկում։
Եթե ատամների էմալը մգացել է, և կարիեսի սկզբնական փուլերն արդեն երևում են, իսկ առջևի ատամներն աճում են անհավասարաչափ, ապա օգնության կգան կոսմետիկ ատամնաբուժության թրենդ հանդիսացող վինիրները։ Շատ բարակ, ճենապակյա կամ կերամիկական այդ թիթեղները դրվում են ատամների վրա, մինչդեռ այդ ընթացքում ատամներին վտանգ չի սպառնում. նյարդը չի հեռացվում և ջրանցքը չի լցվում, ատամները մնում են կենդանի ու առողջ։
Ատամնաբույժ Հայկ Կիրակոսյանը խորհուրդ տվեց պարբերաբար այցելել բժշկի, լինել տեղեկացված, օգտագործել առողջ սնունդ՝ հագեցած վիտամիններով ու հոգ տանել սեփական առողջության մասին, քանի որ ավելի հեշտ է խնամել բերանի խոռոչը, քան անցնել բուժման երկարատև ընթացք։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։