14/04/2022 19:30
Մաշկի ծերացում․ պատճառներն ու բջիջների երիտասարդացման նոր մեթոդը
Մեծ Բրիտանիայի Բաբրահամի ինստիտուտի գիտնականները մարդու մաշկը 30 տարով երիտասարդացնելու միջոց են հայտնաբերել․ դրա առանձնահատկությունը նրանում է, որ բջիջների ծերացումը կանխվում է, սակայն դրանց հիմնական գործառույթները պահպանվում են։ Գիտական նոր աշխատանքի արդյունքները հրապարակվել են eLife ամսագրում։
Գիտնականներին հաջողվել է մասամբ վերականգնել ծերացած բջիջների ֆունկցիաները, ինչպես նաև կենսաբանական տարիքի մոլեկուլային ցուցանիշները «երիտասարդացնել»։ Այսպիսի արդյունքների հնարավոր է եղել հասնել բջիջների վերածրագրավորման և բջիջների կենսագործունեության միջև բալանս ապահովելու շնորհիվ։
Վերածրագրավորված բջիջները գիտական փորձարկումների արդյունքում 30 տարով ավելի «երիտասարդացել» են՝ իրենց կենսաբանական տարիքի համեմատ։ Հետազոտողները համոզված են՝ այս միջոցի հայտնագործումը թերապևտիկայի համար նոր ու շատ ավելի լայն հնարավորություններ կստեղծի։
Այս նոր հայտնագործությունն ու դրա մեթոդոլոգիան գործնական կիրառության մեջ դնելուց հետո մաշկի ծերացման դեմ «պայքարը» ևս մեկ քայլով առաջ կշարժվի, բայց մինչ այդ էլ, հարյուրամյակներ շարունակ, մարդը տարբեր միջոցներով պայքարել ու պայքարում է ծերացման դեմ, երազում է կանխել այն, միշտ մնալ երիտասարդ ու գեղեցիկ՝ միևնույն ժամանակ գիտակցելով, որ ծերությունը կենսաբանական օրինաչափ գործընթաց է։ Մարդու ծերացման տեմպն ու բնույթը, սակայն, պայմանավորված են ոչ միայն բնածին գործոններով, այլև շրջակա միջավայրի ազդեցությամբ, քրոնիկ հիվանդությունների, վնասակար սովորությունների առկայությամբ։
Ընդհանրապես, ընդունված է կարծիքը, որ մինչև 25 տարեկաններին երիտասարդությունն ու գեղեցկությունը ընծա է տրվում։ 25 տարեկանից հետո երիտասարդ ու գեղեցիկ մնալու համար անհրաժեշտ է ջանքեր ներդնել, իսկ 45-ից հետո երիտասարդությունն ու գեղեցկությունը պահպանվում են համառ աշխատանքի ու ջանքերի արդյունքում։
Բանն այն է, որ մաշկի կենսաբանական ծերացման գործընթացն սկսվում է հենց 25 տարեկանից։ Դա, իհարկե, երկարատև պրոցես է, բայց մաշկն ավելի արագ է ծերանում գրգռիչների վնասակար ազդեցության ներքո․ արևի ուժեղ ճառագայթներ, կլիմայի առանձնահատկություններ, օդում վնասակար տարրերի ու նյութերի առկայություն, գումարած՝ մարդու վնասակար սովորություններն ու օրգանիզմում հորմոնալ փոփոխությունները։
Մարդու մաշկի կենսաբանական, «ներքին» ծերացման ընթացքում բջիջները դանդաղ են տրոհվում, դա իր հերթին հանգեցնում է վերականգնողական ֆունկցիայի նվազեցմանը։ Մաշկի վերին շերտերը բարակում են, հյուսվածքներում խոնավության ու ճարպի բաղադրությունը, ինչպես նաև սնուցող արյունատար անոթները պակասում են։ Մաշկում նյութափոխանակությունը վատ է կատարվում, սնուցումը նույնպես վատանում է, էլաստիկությունը նվազում է, մաշկը թուլանում է, քրտնագեղձերի ու ճարպագեղձերի ֆունկցիաները՝ նույնպես։ 45 տարեկանից հետո ճապրագեղձերը 3 անգամ ավելի քիչ ճար են արտադրում, մաշկի բոլոր շերտերը ավելի են բարակում։
Մաշկի ծերացումն արագացնող արտաքին գործոններից են, ինպես արդեն նշվեց, արևը, ալկոհոլը, ծխախոտը։ Ոլտրամանուշակագույն ճառագայթներն, օրինակ, բջջի չեզոք մոլեկուլները վերածում են լիցքավորված ագրեսիվ մասնիկների՝ ազատ ռադիկալների, որոնք քայքայում են բջիջը՝ ներսից և արգելափակում նրա պաշտպանական հատկությունները։
Մաշկի ծերացմանը նպաստող ներքին՝ կենսաբանական և արտաքին՝ բացասական ազդեցություն թողնող գործոնների ազդեցությունը նվազեցնելու և ծերացող մաշկը խնամելու 4 պարտադիր փուլեր կան՝ մաքրում, խոնավեցում, սնուցում, արևապաշտպան քսուքների գործածում։
Մաշկը երիտասարդացնելու համար բազմաթիվ միջոցներ կան, որոնք կիրառվում են էսթետիկ բժշկությունում ու կոսմետոլոգիայում․ ամենատարածվածը պիլինգն է, կիրառվում են նաև մեզոթերապիա, բիոռեվիտալիզացիա, հիալուրոնաթթվի, կոլագենի, մեզոթելերի հիմքով լցոնիչներ։
Այս մեթոդներն, իհարկե, բոլորին չէ, որ հասանելի են, առանձին դեպքերում դրանց հետ կապված հակացուցումներ կան, ուստի երիտասարդ ու գեղեցիկ մնալու ամենաունիվերսալ և ամենահուսալի մեթոդը շարունակում է մնալ մաշկի ինքնուրույն, պարբերական և ճիշտ խնամքը, օրգանիզմը հավելյալ ռիսկերի չենթարկելը, կյանքի այնպիսի որակը, երբ ինքնավնասումը՝ առողջությունն ու գեղեցկությունը խաթարող բացասական գործոնները, բացառվում են կամ գոնե հնարավորինս նվազեցվում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։