14/04/2022 20:00
Սննդային վարքը՝ դեպրեսիայի, տագնապների առաջացման պատճառ
Սնունդն օրգանիզմի կենսագործունեությունն ապահովող «վառելանյութ» է, շատերի համար՝ նաև հաճույքի, սթրեսները հաղթահարելու միջոց։ Այնինչ, «սիրելիների» շարքին դասվող մի շարք մթերքներ ոչ միայն չեն օգնում հաղթահարել ընկճախտը, այլ նաև նպաստում են տագնապի առաջացման։
Սուրճ
Կոֆեինի՝ օրգանիզմի համար օգտակար հատկությունների մասին գիտեն շատերը, բայց բոլորը չէ, որ կարող են թույլ տալ ամեն օր սուրճ խմել։ Կոֆեինի հանդեպ օրգանիզմի անհանդուրժողականությունը կօգնի պարզել հետազոտությունը, բայց առանց դրա էլ հնարավոր է հասկանալ օրգանիզմի և սուրճի ոչ դրական հարաբերությունները։
Կարևոր է ուշադրություն դարձնել սուրճից հետո ինքնազգացողությանը. տագնապը, գլխապտույտը, արագասրտությունը, կենտրոնացման դժվարությունները հուշում են՝ սուրճը կամ պետք է բացառել կամ շաբաթական խմել ընդամենը մեկ բաժակ՝ այն էլ կաթով լուծված տարբերակով։
Սուրճի հանդեպ առավել զգայուն են արդեն իսկ դեպրեսիայի ախտորոշում ունեցող մարդիկ։ Առանց կոֆեինի սուրճը կամ խոտաբույսերով թեյերը կարող են այլընտրանք լինել սուրճի սիրահարների համար։
Էներգետիկ և գազավորված ըմպելիքներ
Դրական ասոցիացիաները գունեղ, գազավորված ըմպելիքների հանդեպ մեծամասամբ գովազդների շնորհիվ է, այնինչ, վստահել պետք է սեփական օրգանիզմի արձագանքներին։ Գազավորված, էներգետիկ ըմպելիքներից հետո որովայնում առաջանում է անհարմարության զգացում, խաթարվում է նաև քնի որակը։
Շաքարի բարձր պարունակությամբ ըմպելիքների կանոնավոր օգտագործումը և դրանց համադրումը արագ սննդի հետ ոչ միայն մեծացնում են նյարդային խանգարումների առաջացման հավանականությունը, այլ նաև նպաստում օրգանների հիվանդացությանը։
Կոնֆետներ, թխուկներ
Լավ գնահատականների համար ծնողները երեխաներին հաճախ պարգևատրում են կոնֆետներով, քաղցր թխուկներով և հենց այս մանկական փորձառությամբ է, որ հասուն տարիքում էլ սթրեսների, անհանգստության մեղման դերը վերապահվում է քաղցրավենիքներին։ Այնինչ, դրանք ամենևին էլ հակասթրեսային ազդեցություն չունեն։ Օրգանիզմը շաքարի կտրուկ փոփոխությանն արձագանքում է ադրենալինի արտազատումով, ինչն էլ օրգանիզմի համար կարող է ընկալվել տագնապի ազդանշան՝ առաջացնելով անհանգստություն։
Շաքար պարունակող, գործարանային երկարատև մշակում անցած մթերքների օգտագործումը հանգեցնում է B խմբի վիտամինների, մագնեզիումի պակասի։ Անբավարարության հետևանքով առաջանում է տագնապ, մկաններում լարվածություն, վատթարանում են հիշողությունը, կենտրոնացումը։
Ալկոհոլ
Շատերն ալկոհոլային խմիչքներ օգտագործում են լարվածությունը հաղթահարելու մոտիվացիայով։ Այնուամենայնիվ, հակառակ գործընթացն է տեղի ունենում։ Ալկոհոլի հետևանքով խաթարվում է քնի որակը, սերոտոնինի («երջանկության հորմոն») մակարդակի վրա թողած ազդեցությունը, ջրազրկումը նպաստում են տագնապի առաջացմանը։ Երբ ալկոհոլի ազդեցությունն անցնում է, անհանգստությունն ու տագնապն առավել վառ են արտահայտվում։
Մրգային հյութեր
Մրգերի թաղանթանյութն օրգանիզմը հագեցնում է վիտամիններով, միներալներով։ Մրգերից հյութ պատրաստելիս հեռացվում է թաղանթանյութը. այդպիսով ստացվում է առանց վիտամինների քաղցր հեղուկ։ Հյութերը կարող են արագորեն թարմացնել, բայց նույնքան արագ էլ թարմությունն ու էներգիան սպառվում են, այսպիսով չհագեցվածության զգացում է առաջանում, որն էլ հանգեցնում է տագնապի։ Խրախուսվում է միրգն ուտել ամբողջապես, հյութի փոխարեն խմել ջուր։
Ոչ միայն սննդակարգն է կարևոր էմոցիոնալ առողջության համար, այլ նաև սնվելու հաճախականությունը։ Ոչ կանոնավոր սնվելը, շատակերությունը կամ սահմանափակող սննդակարգը բացասաբար են ազդում օրգանիզմին։ Շատակերությունը դառնում է պատճառ մարսողական համակարգի օրգանների ծանրաբեռնման, սահմանափակող դիետաները՝ սննդարար նյութերի, վիտամինների պակասի պատճառ. էմոցիոնալ առողջության համար կարևոր է ունենալ առողջարար, բազմազան, բալանսավորված սննդակարգ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։