14/04/2022 19:00
Ի՞նչ անել՝ լողավազան և մարզասրահ այցելելիս սնկային հիվանդություն ձեռք չբերելու համար. պարզ ցուցումներ և օգտակար խորհուրդներ
Լողավազաններ ու մարզասրահներ այցելելուց առաջ շատերն են մտահոգվում՝ արդարացվա՞ծ է արդյոք սնկային հիվանդությամբ վարակվելու վախը։ Հատկապես լողավազանների սիրահարների համար այս առումով կան ինչպես լավ, այնպես էլ վատ նորություններ։
Լավն այն է, որ լողավազանի՝ քլորով մշակված ջուրը կանխում է ախտածին (պաթոգեն) միկրոօրգանիզմների տարածումը, ուստի եթե նույնիսկ նույն լողավազանում սնկային հիվանդություն ունեցող մարդ կա, դա վտանգավոր չէ։ Բացի այդ, քլորացված ջուրը սնկային հիվանդությունների դեպքում կարող է նաև բուժիչ լինել, քանի որ ջուրը մշակելիս գործածվող քիմիական նյութերը նպաստում են բակտերիաների ոչնչացմանը։
Բայց դա չի նշանակում, որ օրինակ՝ լողավազանի դրսի հատվածները, ցնցուղ ընդունելու տարածքը կամ հանդերձարանները 100 տոկոսով անվտանգ են։ Հատկապես ոտաբոբիկ քայլելու դեպքում այդ տարածքներում ոտնաթաթերն ու եղունգները կարող են ախտահարվել սնկերով։
Ինչպե՞ս խուսափել այդ տհաճ ու անցանկալի «անակնկալից»․ մի քանի պարզ ցուցումների և օգտակար խորհուրդների հետևելով, որոնք անհրաժեշտ է կիրառել հանրային նմանատիպ վայրերից օգտվելիս։
Լողավազան այցելելիս պետք է վերցնել ոտնամաններ, կարելի է նաև՝ անջրաթափանց, որոնք հարկավոր է կրել հանդերձարանում կամ ցնցուղ ընդունելիս։ Ոտնաթաթերը դրանց շնորհիվ կպաշտպանվեն, սնկային ինֆեկցիան չի ներթափանցի օրգանիզմ։
Լողալուց և ցնցուղ ընդունելուց հետո պետք է խնամել ոտքերի մաշկը և հետևել հստակ կանոնների․ ամենակարևորը՝ սնկային ինֆեկցիայի ներթափանցումը կանխելու համար կամ նույնիսկ ինֆեկցիան բուժելու ընթացքում հարկավոր է ոտքերի մաշկը չոր ու մաքուր պահել։ Ջրային պրոցեդուրաներից հետո ոտքերը պետք է անպայման խնամքով չորացնել, չմոռանալ չորացնել հատկապես ոտքերի մատներն ու դրանց արանքները․ այդ հատվածներում սունկն արագ է զարգանում, դրան նպաստում է հավելյալ խոնավությունը։
Մարզասրահում մարզվելուց հետո ևս ոտնաթաթերը պետք է խնամել․ ավելորդ քրտնարտադրությունը սնկային հիվանդության առաջացմանն ու զարգացմանը նպաստող ամենակարևոր գործոններից է։ Մարզվելուց հետո ոտքերը պետք է լվանալ, նոր ու մաքուր գուլպաներ հագնել, իսկ մարզասրահ այցելելու համար առանձին մարզակոշիկներ ունենալ։
Ցանկալի է, որ գուլպաներն ու մարզակոշիկները բնական նյութերից լինեն՝ բամբակից, բնական կաշվից, որպեսզի ոտնաթաթերը «շնչեն»։
Լողալուն կամ մարզվելուն հաջորդող ջրային անհրաժեշտ բոլոր պրոցեդուրաներն ավարտելուց հետո ոտքերը պետք է մշակել խոնավեցնող կրեմերով ու քսուքներով։ Ավելի օգտակար են ուրեայի՝ միզանյութի հիմքով քսուքները։ Դրանք հատուկ մշակման շնորհիվ տհաճ հոտ ու զգացողություններ չեն առաջացնում, շատ արդյունավետ են սնկային հիվանդությունների դեմ պայքարում ու նույնիսկ դրանք կանխելու գործում։
Ակտիվ մարզվողներին կամ սնկային ախտահարման ռիսկային խմբում գտնվողներին՝ շաքարախտով հիվանդներին կամ ցածր իմունիտետ ունեցողներին խորհուրդ է տրվում խնամքի այնպիսի միջոցներ ընտրել, որոնց բաղադրության մեջ մանրէասպան նյութեր կան, օրինակ՝ անանուխի, կանաչ թեյի կամ կիտրոնի եթերային յուղեր։ Ավելի ուժեղ միջոցներ էլ կան՝ հակասնկային համալիր նյութեր պարունակող քսուքներ։
Պետք է նաև հիշել՝ սնկային վարակի հիմնական ախտանիշներն են մաշկի կարմրությունն ու թեփոտումը, ճաքերի առաջացումը, քորն ու այրոցը, բորբոքվածությունը։ Նման ախտանիշների դեպքում խորհուրդ է տրվում անպայման դիմել մաշկաբանին․ մասնագետը ճիշտ կբնորոշի հիվանդության փուլն ու այն արագ բուժելու ավելի արդյունավետ միջոցներ կառաջարկի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։