14/04/2022 18:46
Ինչու՞ օգնեցիր, Նիկոլ, որ թուրքը Շուշին վերցնի․ Շուշիի ճանապարհին զոհված տղերքի ծնողների հետ շփվու՞մ ես՝ ուղիղ, առանց «ախրանայի»․ Արմեն Աշոտյան
Չեմ զլանալու կրկնել՝ Շուշին երբեք չի եղել բանակցությունների փաթեթի մաս, հայտարարել է ՀՀԿ Արմեն Աշոտյանը, ով այժմ կուսակցության պատվիրակության հետ Արցախում է։
Արմեն Աշոտյանը հիշեցրել է՝ ի թիվս դա ապացուցող բազմաթիվ հանգամանքների, կան նաև համանախագահ երկրների ղեկավարների հրապարակային հայտարարություններն ու հացազրույցները, օրինակ՝ Վլադիմիր Պուտինն էր ասել՝ հոկտեմբերի 20-ին կարող էր հրադադար լինել, այնինչ Փաշինյանը հրաժարվել է, իսկ Շուշիի հարցն այդ ժամանակ ընդհանրապես չի եղել օրակարգում։
«Ավելին, անգամ Նիկոլին արտգործնախարարի պաշտոնում ծառայած Զոհրաբ Մնացականյանը հրաժարական տվեց հենց Շուշիի խնդրի հետ կապված։ Երբ Նիկոլը պատերազմից հետո առաջին անգամ փորձեց Շուշիի թեման շահարկել, Նիկոլի հպատակ ԱԳ նախարարի կողմից անգամ եղավ հայտարարություն, որ Շուշին երբեք չի եղել բանակցությունների մաս»,- ընդգծել է Աշոտյանը։
Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև Շուշիի առեղծվածային անկմանը՝ նշելով․
«Թուրքը կուզենա՞ր Շուշին վերցնել։ Իհարկե։ Ինչու՞ օգնեցիր, Նիկոլ, որ թուրքը Շուշին վերցնի։ Շուշիի անկումն առանձին առեղծված է, առեղծված, որի տարբեր էջերի մասին ողբերգական պատմություններ կան։ Ես Շուշիի ճանապարհին զոհված տղերքի ծնողների հետ եմ շփվում․ այն սարսափելի տեսարանը, որ մեր տղերքը շարքով, մահացած պառկած են այդ ճանապարհին։ Դու շփվու՞մ ես՝ առանց «ախրանայի», ուղիղ․․․»։
Արմեն Աշոտյանը կրկնել է՝ Ադրբեջանը, Շուշիից բացի, ամեն ինչ էլ ուզում էր և ուզում է․ «Երևանն էլ է ուզում մնչև հիմա, Դա չափանի՞շ է»,- ասել է նա։