14/04/2022 16:26
Պատերազմի սպառնալիքի պայմաններում «խաղացեք», «վայելեք», «զվարճացեք»-ի փոխարեն հանրության գիտակցության մեջ պիտի ամրապնդվեն «աշխատեք», «կազմակերպվեք», «զարգացրեք»-ը
Aysor.am-ի զրուցակիցն է Արթուր Աթանեսյանը՝ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետ։
- Սպառողական ինքնության կառուցումը «Ես այն եմ` ինչ ունեմ» սկզբունքով, հետևանքները:
- Նախորդ և այսօրվա՝ 21-րդ դարի մարդկանց միջև երկխոսությունը կարող է մոտավորապես այսպeս հնչել. «Ես կարող եմ համով պիցցա պատրաստել։ - Իսկ ես գիտեմ, թե որտեղից այն պատվիրել»։ Տարբերությունն այն է, որ առաջինը կարող է գոյատևել ցանկացած դժվար պայմաններում, որովհետև հույսը դրել է սեփական գիտելիքների և կարողությունների վրա, երկրորդը՝ ուրիշների վրա, և սխալմամբ մտածում է, որ դժվար ժամանակներ այլևս չեն լինելու, դրանց պատրաստ չէ։ Երկրորդը սպառողական մշակույթի ներկայացուցիչն է։
Սպառողականությունը հանրային վարքի հետաքրքիր մշակույթ է և միտում, որով տարվել են և անգամ հիվանդ են արդի հասարակությունները, այդ թվում՝ հայաստանյանը։ Մարդիկ սկսել են սպառել՝ օգտագործել, օգտվել, ունենալ, ստանալ, վայելել վաղ անցյալից, սակայն նախկինում ստանալու համար պետք էր տալ, և այս սկզբունքը մարդու կենսակերպի, գործունեության, իր և արտաքին միջավայրի միջև հավասարակշռության հիմքերից էր։ Մինչև ջանք չգործադրեիր, չաշխատեիր, չնվաճեիր՝ չէիր վաստակի, և ամեն ինչն իր գինը, նաև՝ արժեքը ուներ, արժևորվում էր։
Այսօր այդ իմաստով մի քանի էական բան է փոխվել, որի հետևանքով փոխվել է նաև սպառելու վարքը՝ վերածվելով հեշտ կյանքին ձգտելու մշակույթին։ Նախևառաջ, հանրային բարիքներն այսօր ավելի մատչելի են, բազմազան, և ավելի հեշտ են տրվում, քան նախկինում․ մարդկանց էական մասը, այդ թվում՝ քանակապես արագ աճող քաղաքաբնակները, վաղուց ստիպված չեն առնչվելու հողի, բնության քմահաճույքների, ձեռքի աշխատանքի, զենք կրելու, սեփական ընտանիքի, համայնքի, երկրի անվտանգությունն ու կենսունակությունն ուղղակիորեն և ամեն օր պաշտպանելու անհրաժեշտության հետ։ Կարիք չկա իմանալու բժշկություն, որսորդություն անելու, տիրապետելու գոյատևման և նվաճելու արվեստի մասին, անգամ՝ ճաշ եփելու։ Ամեն ինչ դարձել է ծառայություն, վաճառվում է, մատչելի է, գովազդվում է։ Ուժեղ, քաջ, արագաշարժ, խելացի, առողջ, կազմակերպված լինելու փոխարեն բավական է վճարունակ լինել։ Լինելը փոխարինվել է ունենալով։
Հատկապես քաղաքաբնակների մեծ մասին թվում է, որ, օրինակ, բանջարեղենը, մրգերը, միսը կամ պահածոները ստեղծվում են ոչ թե երկարատև աշխատանքային գործընթացի, փուլերի, հմուտ ֆիզիկական, մտավոր և տեխնիկական աշխատանքի արդյունքում, այլ պատրաստի վիճակում հայտնվում են սուպերմարկետներում, մոլլերում, որտեղ դրանք միշտ էլ կարելի է թարմ վիճակում գնել։ Փաստորեն, սնվելու կամ հագուստ ունենալու, այն է՝ կենցաղային մակարդակում պաշտպանված լինելու համար այլևս կարիք չկա վաղ առավոտյան արթնանալու, բնության հետ միասին ապրելու, բնության և դժվարությունների դեմ պայքարելու, ուժեղանալու։ Օրվա ընթացքում 24 ժամ բաց և մատչելի հանրախանութներն առաջարկում են չմտածել սննդի հայթայթման մասին, այսինքն՝ չմտածել այնպես, ինչպես մտածում էր մարդկությունն իր ամբողջ պատմության ընթացքում։
Սպառողականությունը խթանող մյուս գործողը նույնպես տնտեսական է։ Արդյունաբերության համատարած անկումն ուղեկցվում է սպասարկման ոլորտի զարգացմամբ․ գործարաններում աշխատելու փոխարեն մարդիկ, այդ թվում՝ երիտասարդները նախընտրում են աշխատել հյուրանոցներում, ռեստորաններում, շոու-բիզնեսում, հաղորդակցական տեխնոլոգիաների, տեղեկատվության, շփման և զվարճությունների ոլորտներում։ Ինչու՞. որովհետև այդպես ավելի հեշտ է։ Փաստորեն, եթե գյուղերում դեռևս արթնանում են վաղ առավոտյան, որպեսզի հասցնեն բնության հետ և քաղաքների աճող բնակչությանն ապահովեն սննդամթերքով, ապա քաղաքների բնակչությունն իր սպասարկման ոլորտներով տեղափոխվել է գիշերային կյանքի տիրույթ, դադարել է վաղ արթնանալ, սեփական գոյությունը սեփական ջանքերով ապահովել, և հիմնականում չի ստեղծում որևէ հանրօգուտ բարիքներ։ Հանրային սպասարկումը, ի տարբերություն գյուղատնտեսության և արդյունաբերության, որևէ մնայուն արժեք չի ստեղծում և ուղղված է ապահովելու մարդկանց կոմֆորտային ժամանցը, այն տեղի է ունենում այստեղ և այսօր։ Եվ եթե գյուղատնտեսության կամ արդյունաբերության շնորհիվ կարելի է ունենալ կուշտ և պաշտպանված ապագա ոչ միայն այսօր, այլև՝ հեռանկարում, ապա սպասարկման ոլորտը, ինչպես գիշերային բուռն կյանքը, բացի անցողիկ զգացմունքներից և տպավորություններից, հաջորդ օրվա գլխացավից և վատնված գումարներից, ոչինչ չի ստեղծում։
- Սպառողականության սոցիալական արմատները։
Փաստորեն, սպառողականությունը նման է զույգին, որ նախընտրում է ոչ թե սիրել, այլ սիրված լինել։ Որպես հետևանք՝ երկուսն էլ մյուսին դիտարկում են օգտագործման՝ վայելելու, սպառելու միջոց, վերմակն իրենց կողմն են քաշում, և այն վերջիվերջո պատռվում է։ Այսպիսին են արդի սպառողական հասարակությունները․ համատարած ամուսնալուծություններ, տնտեսական անկում, բազում զվարճություններ, բայց փակ գործարաններ, բազում ապրանքներ, բայց գրեթե բոլորը՝ ներկրված Չինաստանից, Հնդկաստանից կամ Բանգլադեշից, որտեղ մարդկանց էական մասը դեռ ապրում է նախորդ դարի օրինաչափություններով: Սպառողական հասարակությունների հատկանիշներից է հաղորդակցականությունը․ բոլորը բոլորի հետ անընդհատ խոսում, շփվում, ինչ-որ բան քննարկում են: Եթե, օրինակ, մենք բոլորս օրվա ընթացքում Ֆեյսբուքում կամ այն սոցիալական ցանցերում կարևոր թվացող, բայց մեծամասամբ՝ մեր անիմաստ գրառումների փոխարեն, օրինակ, ծառեր տնկեինք, ապա երկրագունդը շատ արագ կկանաչեր ու կծաղկեր։
- Սպառողականությանը դիմադրության հնարավորություն կա՞։
Իրականում կյանքն է պարբերաբար հիշեցնում, որ միայն վերցնելով, վայելելով, սպառելով չի լինում։ Ոմանք կասե՝ լավ էլ լինում է։ Ինձ համար զուտ սպառողական կենսակերպով ապրողները նման են ծառի տերևները ուտող որդերին․ մի ծառի տերևները կերան՝ ծառը հիվանդացավ, չորացավ, տեղափոխվեցին մեկ այլ ծառի վրա, և այդպես շարունակ։ Ի վերջո, երբ այդպես չորանա ամբողջ անտառը, որդերը նույնպես սովից կսատկեն, որովհետև ոչինչ չարեցին՝ անտառը վերականգնելու, ծաղկեցնելու համար։ Մեր հայրենակիցներից ոմանք ժամանակին, «որտեղ հաց, այնտեղ կաց» սպառողական բանաձևի համաձայն, տեղափոխվեցին, օրինակ, Ռուսաստան։ Այսօր Ռուսաստանում վատ է՝ պատրաստ են գնալ այնտեղ, որտեղ դեռ լավ է։ Եվ այդպես շարունակ։ Չպետք է զարմանալ, որ նման մարդկանց մեծ թիվ ունեցող պետությունները, այդ թվում՝ Հայաստանը, չեն կարողանում հաղթահարել տնտեսական ճգնաժամը, չեն կարողանում կայացնել բանակը, պահել տարածքներ, զարգանալ։
- Սպառողական հանրությունների պատրիոտիզմը, ազգային պետության ընկալումը։
Հայրենասիրությունը այն սկզբունքային և հավաքական մոտեցումներից է, որի շնորհիվ ժողովուրդները հաղթել են պատերազմներում, կայացրել են իրենց պետականությունը, ապահովել են անվտանգությունն ու զարգացումը։ Հայրենասիրությունը անհատույց նվիրում է, սիրո տեսակ։ Մինչդեռ, սպառողական մտածելակերպի և մշակույթի համաձայն, ոչ թե տալ, այլ ստանալն է ընդունված վարքի հիմնական տեսակը, ուստի և տալը, ընդորում՝ անհատույց, անգամ՝ կյանքը, սպառողների տեսակետից կարող է ոչ միայն ոչ ձեռնտու, այլ նաև միամիտ, սխալ թվալ։ Սակայն պետությունն իր իսկ գոյության համար պետք է խթանի հենց հայրենասիրության համատարած և նույնական ընկալումը՝ որպես արժեքի, հակառակ դեպքում դադարելու է գոյություն ունենալ։ Մասնավորապես, հատկապես պատերազմի սպառնալիքների պայմաններում «խաղացեք», «վայելեք», «զվարճացեք» խիստ վտանգավոր կարգախոսների փոխարեն հանրային հաղորդակցություններում պետք է հնչեն և հասարակության գիտակցության մեջ ամրապնդվեն «աշխատեք», «ծառայեք», «կազմակերպվեք», «զարգացրեք», «սովորեք», «մարզվեք» և նման այլ կարգախոսներ։ Մեզանում, այդ թվում 2020թ․պատերազմից առաջ, ընթացքում և դրանից հետո, տեղի է ունեցել հենց հակառակը՝ պետության, բանակի, անվտանգության հանդեպ սպառողական վերաբերմունքի տարածումն ու ամրապնդումը, այդ թվում՝ հանրային տեղեկատվության միջոցներով, «էլիտայի» և հանրության բազում ներկայացուցիչների ամենօրյա վարքով, ինչի հետևանքները քաղում ենք այսօր․ դեռ ունենք պետականության ծառ, սակայն գրեթե առանց տերևների։