14/04/2022 20:21
Փաշինյանի ելույթը մեծամտության, պոպուլիստական, մանիպուլյատիվ պահվածք էր․ Իշխանյան (Տեսանյութ)
«ՀՀ վարչապետի ելույթը ոչ թե ինքնախոստովանության ու ինքնաքննադատության, այլ մեծամտության, պոպուլիստական, մանիպուլյատիվ և ուղեղներ լվանալու՝ տարիների գործելաոճին հարիր պահվածք էր, որով կրկին ներկայացավ ոչ միայն մեր, այլև համաշխարհային հանրությանը, որին, հավանաբար, պատասխանատու է իր անցած ճանապարհի և իր հասած նշաձողի համար»,- Արցախի ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց պատգամավոր Դավիթ Իշխանյանը։
Պատգամավորի խոսքով՝ իրենց համար զարմանալի ու անակնկալ չեն եղել Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչած թեզերը․ այն, ինչն արվում էր թաքուն՝ բացահայտվեց, այն, ինչը չէր հաջողվել տասնամյակներ՝ հիմա փորձում են իրականացնել՝ առիթը չկորցնելով։
«Խղճահարության դրվագներ ստեղծող առաջնորդը չի կարող լինել իմ և ձեր, այն հպարտ ժողովրդի առաջնորդը, որը 1988 թվականին նորից որդեգրեց ազգային ազատագրական պայքարի գաղափարն ու տեսլականը՝ ունենալով հաջողությունների ու կորուստների շարք, տալով բազմաթիվ զոհեր, չընկճվելով, չհուսահատվելով , գիտակցելով, թե հանուն ինչ նպատակի է այդ ամենը, հանուն ապագա սերունդների, հանուն ազգային իդեալների»,- շեշտեց Դավիթ Իշխանյանը։
Արցախի ԱԺ պատգամավորը հայտարարեց նաև՝ այժմ Փաշինյանի հռչակած «խաղաղության դարաշրջանի» քողի տակ հրահրվում է նոր պատերազմ, նոր ողբերգություններ, Արցախի հայաթափում։
«Մեզ վախեցնում է միջազգային հանրության դիրքորոշումների կեղծ ներկայացմամբ։ Ո՞ր միջազգային հանրության դիրքորոշումների մասին է խոսքը, որտե՞ղ էին նրանք 2020 թվականի աշնանը, ու՞մ ջրաղացին էին ջուր լցնում, իսկ ու՞մ վառած կրակին՝ յուղ։ Այդ ի՞նչ արժեքներ դավանող միջազգային հանրության մասին է խոսքը, գուցե ավելի բաց ենթատեքստո՞վ խոսվեր՝ ԼԳԲՏ կամ «նոր աշխարհակարգ» բառերով»,- ասաց պատգամավորը։
Նա նաև կոչ արեց չապակողմնորոշել և չմանիպուլացնել Հայաստանի և Արցախի հանրությանը, չխեղաթյուրել իրականությունը։
«Արցախի և արցախցիների կողմից մանդատ չունենալու պատճառաբանությամբ Արցախի ճակատագիրն եք մոգոնում, արյուն հեղում և հետո «խոստովանում»։ Այդքան միամիտ չենք։ Եթե քաղաքական վեկտոր եք փոխում, հստակ կողմնորոշվեք և հայտարարեք, որպեսզի մեր հեռու և մոտիկ բարեկամներն էլ հասկանան ու կողմնորոշվեն, մենք էլ հասկանանք ու կողմորոշվենք։ Ոհմակային հոգեբանությամբ ձեր արբանյակներին բաց եք թողել Արցախի և արցախցիների մասին բարբաջանքներ հնչեցնելու, և այն էլ՝ ամենապատասխանատու և բարձր ամբիոնից՝ ՀՀ ԱԺ ամիբիոնից»,- ասաց Արցախի ԱԺպատգամավորը։
Հայաստանի գործող իշխանություններին Դավիթ իշխանյանը հիշեցրեց բուն պարտավորության մասին։
«Կատարեք Արցախի և արցախիների անվտանգության երաշխավորի ձեր պարտականությունները, խեղված ձևակերպումներով մի՛ ներկայացրեք այնպես, իբր ցանկանում եք պատպանել Արցախի ժողովրդի իրավունքները։ Այդ իրավունքները պաշտպանել են մեր պապերն ու ծնողները, մենք և մեր որդիները՝ Արցախը հայկական պահելով, կերտելով պետականություն։ Այդ իրավունքները պահպանել ենք անցած 30 տարիներին ու կպահպանենք ապագայում ևս։ Դրանք պետք է պահպանվեն միասին»,- ասաց պատգամավորը։