14/04/2022 19:19
Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում, դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է, այդ կարմիր գիծը ոչ ոք իրավունք չունի խախտել․ Արցախի ԱԺ նախագահ
«Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։ Դա կարմիր գիծն է, որը որևէ մեկն իրավունք չունի խախտել»,- Արցախի ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը։
Արթուր Թովմասյանն իր ելույթում շեշտեց՝ Արցախի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման և կհանդիսանա աշխարհաքաղաքական պատմական և բարոյական ողբերգություն հայոց պետականության և հայ ժողովրդի համար։
«Արցախի ժողովուրդը հաստատակամ է և չի շեղվելու իր ընտրած ուղուց։ Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության և անկախության համար, և մեր պատմություննն անարժան ձևով փակելու բարոյական իրավունք չունենք»,- հայտարարեց Արցախի խորհրդարանի նախագահը։
Արտահերթ նիստի մեկնարկին խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում և 2022 թվականի մարտին Քարագլխում զոհված հայրենիքի պաշտպանների հիշատակը։