14/04/2022 10:37
ՀՀ հաջորդ իշխանությունն ավելի բարձր պահանջներ է դնելու բանակցային սեղանին. Քաղաքագետ
Aysor.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Վարդանյանը։
- Պարո՛ն Վարդանյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե նախկինում հիմքում դրվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, ապա այժմ ՀՀ իշխանությունները հիմքում դնում են անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը։ Ըստ էության՝ թեզի փոփոխություն է տեղի ունեցել։ Ինչպե՞ս եք այս երևույթը դիտարկում։
- Քանի որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում զգալիորեն թուլացել են, իսկ հայկական բանակն ահռելի կորուստներ է կրել, ՀՀ իշխանություններն այս փուլում, բնականաբար, մեղմացրել են հռետորաբանությունը և այլևս Արցախի կարգավիճակի հարց չեն դնում, այլ արցախահայության իրավունքների հարցն են դնում։ Քանի որ այս փուլում մեր դիրքերը թույլ են, Հայաստանը, բնականաբար, չի կարող մեծ պահանջներ ներկայացնել։ Բայց դա չի նշանակում, որ միշտ այսպես է լինելու։ Եթե մենք կարողանանք ժամանակի ընթացքում փոխել ուժերի հավասարակշռությունը, վստահ եմ, որ ՀՀ հաջորդ իշխանությունն ավելի բարձր պահանջներ է դնելու բանակցային սեղանին։
Իմիջիայլոց, սա միայն Հայաստանին չի վերաբերում. այս ճանապարհը ժամանակին նաև Ադրբեջանն է անցվել։ 1994 թվականին, երբ պատերազմն ավարտվեց, և հրադադարի պայմանագիր ստորագրվեց, Ադրբեջանը շատ համեստ պահանջներ էր դնում մեր առաջ։ Հետո, երբ ժամանակի ընթացքում ուժեղացավ, միջազգային ասպարեզում դիրքերն ամրապնդեց, զինուժն արդիականացրեց և տարբեր երկրների հետ դաշնակցային հարաբերութուններ ստեղծեց, ժամանակի հետ Ադրբեջանի ախորժակը մեծացավ և վերջին տարիներին այլևս որևէ կարգի փոխզիջման մասին չէր էլ ուզում լսել։
Այսինքն՝ սա շատ բնականոն գործընթաց է. եթե մենք պարտվել ենք, և ուղղակի հիմարություն կլինի գնալ և Ադրբեջանի առջև ամենաբարձր պահանջները դնել։ Դա կարող է ծանր հետևանքներ ունենալ, ընդհուպ՝ նոր պատերազմ։
- Պարո՛ն Վարդանյան, ՀՀ վարչապետը նաև հայտարարել է, որ միջազգային հանրությունն առաջարկում է մի-փոքր իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում մեր նշաձողը։ Ի՞նչ է, ըստ Ձեզ, սա նշանակում և ինչի՞ կարող է հանգեցնել։
- Կարծում եմ՝ միջազգային հանրությունը հենց ամենաբարձր մակարդակով ինքնավարության մասին է խոսում, բայց ոչ՝ անկախության։ Ընդ որում, վստահ եմ, որ Արևմուտքը Հայաստանի առջև մեկ պահանջ է դնում, Ռուսաստանը՝ մեկ այլ։ Վստահ եմ, որ արևելյան մեր գործընկերներն, այո՛, հորդորում են գոնե այս փուլում բարձր պահանջներ չդնել՝ անկեղծորեն խոստովանելով, որ եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծի, իրեք չեն կարողանալու օգնել։
Իսկ Ռուսաստանը ցանկանում է, որ կարգավիճակի հարց որևէ ձևով չբարձրացվի՝ նույնիսկ ինքնավարության մասով, այլ կոնֆլիկտը սառեցվի, ռուս խաղաղպահները մնան Արցախում։ Ռուսները կողմ են սառեցված վիճակին, որ երբ պետք լինի՝ հակամարտությունն ապասառեցնեն։