14/04/2022 18:01
Իշխանությունը կատարյալ անբարոյականության և հակապետական դրսևորումների բացահայտ ինքնախոստովանություն է անում. Քաղաքագետ
Շուշիի հարցը միշտ չափազանց կարևոր է եղել Ադրբեջանի համար, քանի որ իր պատմական կեղծարարության շրջանակում Ադրբեջանն այն համարել է իր մշակույթի և ռազմաքաղաքական պատմության կարևորուգույն կենտրոն։ Մինչդեռ հայկական կողմն առհասարակ չպետք է քննարկման դներ Շուշիի կամ Արցախի այլ տարածքի զիջման հնարավորությունը, քանի որ պետք է հավատարիմ մնար 1989 թվականի դեկտեմբեր 1-ի միացման բանաձևին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ հիշեցնելով, որ այդ բանաձևն առ այսօր որևէ մեկը չի չեղարկել։
Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հայտնած այն մտքին, որ Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում՝ մեր զրուցակիցը նկատեց՝ ի դեմս նման հայտարարության՝ գործող իշխանությունը ևս մեկ անգամ պետական դավաճանության, կատարյալ անբարոյականության և հակապետական դրսևորումների մասին բացահայտ ինքնախոստովանություն է անում։
«Այս մարդիկ (նկատի ունի ՀՀ վարչապետին և ՔՊ-ական պատգամավորին՝ խմբ.) պետք է ենթարկվեն ոչ թե սովորական դատաստանի, այլ արտահերթ և դաշտային ռազմական տրիբունալի՝ բոլոր հասկանալի հետևանքներով հանդերձ։ Եթե ամենամոտ ապագայում չկանգնեցվեն, ուրեմն նման տրիբունալ չստեղծած ազգը դատապարտված է շուտափույթ վերացման։
Այսպես շարունակելու դեպքում մենք ընդամենը 20-25 տարվա գոյության հնարավորություն ունենք։ Ես այդ մարդկանց մաղթում եմ ռազմական տրիբունալով արժանի դաշտային պատիժ», - նշեց Ալեքսանդր Քանանյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարել էր՝ 1996-ին Շուշիի հարցը սեղանին է եղել։