14/04/2022 18:38
Փաշինյանը, հայտարարելով, որ 1996-ին Շուշիի հարցը սեղանին է եղել, ուզում է խղճահարություն առաջացնել, ապացուցել իր «ճշմարտությունները» և կոծկել իր չարածները. Թևան Պողոսյան
Շուշիի և Արցախի՝ Ադրբեջանի կազմում գոյության հնարավորության մասին իշխանական ելույթներն այսօր որևէ հարթակում չպետք է հրապարակվեին. չէ՞ որ պատերազմից հետո Շուշիի թեմայով բազմաթիվ արձագանքներ են եղել, և Նիկոլ Փաշինյանի այսօրվա անդրադարձը մանիպուլյացիաների դաշտից էր Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը։
«Շուշիի թեմային անդրադարձել են ինչպես Հայաստանի նախկին բանակցողները, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները։
Էլ չասեմ Նիկոլ Փաշինյանի ժամանակ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Զոհրապ Մնացականյանի պատասխանը։ Էլ չասեմ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ասում էր՝ կարող էինք պատերազմը հոկտեմբերի 19-ին դադարեցնել, և ոչ էլ Շուշիի հարց լիներ։
Հիմա Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ 1996-ին Շուշիի հարցը սեղանին է եղել, ուզում է խղճահարություն առաջացնի, ապացուցի իր «ճշմարտությունները», կոծկի իր չարածները։ Մենք սովորել ենք մեր մեղքն ուրիշների վրա գցել», - ասաց Թևան Պողոսյանը։
Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի՝ այսօր հայտնած այն մտքին, որ Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում՝ քաղաքագետը նշեց՝ դա պարզապես օվերտոնի պատուհան բացել է նշանակում՝ ադրբեջանաթուրքական շահերը սպասարկելու դասական օրինակ։
«Նման հայտարարություն արած ՔՊ-ական պատգամավորը 1996 թվականին Հայաստանո՞ւմ էր, ինչ-որ դերակատարո՞ւմ ուներ։ Ինչո՞ւ այն ժամանակ ձայն չի բարձրացրել։ Պետք է մեկի վրա մեղքը գցել, գցում են՝ մեկը Շուշիի հարցով, մեկն էլ տվյալ ժաանակահատվածի», - ասաց Թևան Պողոսյանը։
Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորն այսօր ԱԺ-ում հայտաարել էր. «Դեռևս 1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ասպարեզ նետվեց մի գաղափար, որ մեզ համար անընդունելի է մի ժողովրդի բռնի տիրապետումը մյուսի նկատմամբ:
Ըստ էության, առաջ քաշվեց այն գաղափարը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի, տարիներ են անցել ու այսօր կարելի է ասել, որ դա ևս ճիշտ չի եղել»։
ՀՀ վարչապետն էլ ասօր ԱԺ-ում հայտարարել էր՝ 1996-ին Շուշիի հարցը սեղանին է եղել։