14/04/2022 09:52
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանի գործով միջնորդություն է ներկայացվել
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ ԱԺ նախագահի կարգավիճակում 2020 նոյեմբերի 10-ին բռնություն կիրառելու մասով հարուցված քրեական գործով միջնորդություն է ներկայացվել ԱԱԾ նրա դեմ բռնության գործով մեղադրյալ Ժիրիկ Սիրեկանյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու մասին:
«Բանն այն է, որ նախաքննական մարմինը տևական ժամանակ գործով անցնող անձանց մասով որևէ քննչական գործողություն չի անում և քրեական գործն էլ մահակի պես պահում է մեղադրյալների գլխին: Մեզ հետ զրույցում գործով մեղադրյալները նշեցին, որ տևական ժամանակ է, ինչ իրենց մասնակցությամբ նախաքննական մարմինը որևէ քննչական գործողություն չի իրականացնում:
Հետաքրքիր է՝ 1 տարի 4 ամիս ինչ է քննում ԱԱԾ-ն և դեռևս չի կարողանում պարզել, որ գործը ուղարկի կա՛մ դատարան, կա՛մ էլ կարճի: Հիշեցնենք, որ 2020 նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված հրադադարի վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում, հատկապես՝ մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում զանգվածային անկարգություններ եղան:
Բացի այդ, նույն օրը Երևան քաղաքում ծեծի ենթարկվեց ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ, արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանը», - գրել է թերթը: