14/04/2022 13:04
1996-ին Շուշիի հարցը սեղանին է եղել. Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին, չէր հանձնելու, պատերազմ էր սկսվելու. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում այսօր անդրադարձավ ՀՀ երրրոդ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքին:
«Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը երեք ժամանոց քննարկումից անդրադարձել է ընդամենը մեկ դրվագի՝ ասելով, որ ինքը Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման շուրջ չի բանակցել երբեք և, որ ինքը փուլայինի ու փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել է ու բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ, միանշանակ, պետք է լուծվի փուլերով», - հայտարարեց վարչապետը:
Նա ասաց, թե Սերժ Սարգսյանն արձագանքել է միայն այս մեկ դրվագին, որովհետև այս դրվագի պարզաբանմամբ ֆունդամենտալ մի հարց է լուծվում, որ 1998 թվականի իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղի որևէ կարգավիճակի համար էր, այլ իշխանությունը զավթելու համար էր:
«Սա է պատճառը, որ նա անդրադարձել է միայն այս դրվագին, որովհետև միայն այս պարզաբանումը ընդգծում է, որ 20 տարվա պատմությունը ունեցել է բոլորովին ուրիշ համատեքստ: Ամենևին էլ պատահական չէ, որ 2020 թվականի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը, վերադառնալով 2018 թիվ, ասում է «ես այն ժամանակ ուզում էի մնալ վարչապետ Ղարաբաղի հարցի համար». նրանց ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է», - ասաց Փաշինյանը:
Նա նշեց, թե ոնց էր Սերժ Սարգսյանը լուծելու Ղարաբաղի հարցը, երբ 2018 թվականի ապրիլի 17-ին ասել է, որ բանակցությունները կանգնած են, լավատեսություն չեն ներշնչում ու Ադրբեջանի ակնկալիքները անընդունելի են:
«Գնալու էր ու ընդունե՞ր Ադրբեջանի անիրատեսական պահանջները», - նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 1996 թվականին Շուշիի հարցը սեղանին է եղել:
«Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին, չէր հանձնելու, պատերազմ էր սկսվելու. ու ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր», - հարց հնչեցրեց նա: