15/04/2022 18:10
Արյան ճնշումը կարգավորող կարևոր գործոններ
Արյան ճնշումը սրտանոթային համակարգի գործունեության հիմնական ցուցիչներից է։ Ցանկացած մարդու առողջության գնահատումը սկսվում է հենց նրա արյան ճնշման չափումից։
Մեծահասակ մարդկանց մոտ արյան բարձր ճնշումը և հիպերտոնիկ հիվանդությունը տարածված երևույթներ են:
Aysor.am-ը ներկայացնում է մասնագետների կողմից առաջարկվող մի շարք խորհուրդներ, թե ինչպես կարելի է վերահսկել արյան ճնշումն առանց ուժեղ դեղամիջոցների օգնության:
Ավելի շատ կալիում և ավելի քիչ աղ
Եթե երիկամները նորմալ են գործում, անհրաժեշտ է սննդակարգում ներառել կալիում: Արյան ճնշումը կայունացնելու համար շատ օգտակար է աղի քանակի նվազեցումը և դրա փոխարինումը կալիումով: Կալիումով հարուստ են յոգուրտը, բանանը, սպանախը և քաղցր կարտոֆիլը:
Ավելի քիչ շաքար և ածխաջրեր
Արյան ճնշումը վերահսկելու համար պարզապես սննդակարգից աղը բացառելով ոչ մի տեսանելի արդյունքի չեք հասնի: Պետք է նաև զգույշ լինել ածխաջրերի և շաքարի հետ: Շատ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ ցածր ածխաջրային սննդակարգն իջեցնում է արյան ճնշումը, քանի որ այն նվազեցնում է նաև սրտի վրա ճնշման ազդեցությունը: Այդպիսի սննդակարգն օգնում է նաև ավելորդ քաշի դեմ պայքարելու գործում:
Սև, դառը շոկոլադ
Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ շոկոլադի օգտագործման արդյունքում արյան ճնշումն իջնում է, բացի այդ, այն կանխում է սրտային հիվանդությունները: Դա պայմանավորված է ֆլավոնոիդներով, որոնք լայնացնում են արյան անոթները:
Բուսական սնունդ
Երբեմն տնային բաղադրատոմսերը գործում են ուժեղ դեղամիջոցների պես: Բուսական սննդի որոշ տեսակներ ապացուցել են իրենց արդյունավետությունը արյան բարձր ճնշման դեմ պայքարելու գործում: Շատ օգտակար են քունջութի յուղը, սխտորը, կանաչ թեյը, լոլիկը և նեխուրի հյութը:
Կոֆեինի չափավոր քանակ
Կոֆեինը ապահովում է էներգիայի կտրուկ աճ, ինչը նշանակում է, որ արյունատար անոթների վրա ճնշումը բարձրանում է: Էֆեկտը ժամանակավոր է, բայց այն կարող է շատ վնասակար լինել հատկապես հիպերտոնիկ հիվանդություն ունեցող անձանց համար: Եթե սիրում եք սուրճ, ապա փորձեք օգտագործել կոֆեին չպարունակող տեսակներ:
Արյան ճնշումը սրտանոթային համակարգի վիճակի կարևոր ցուցիչ է։ Այն պետք է մշտապես մոնիտորինգի ենթարկվի և կանոնավոր չափվի բժշկի կողմից կանխարգելիչ հետազոտությունների ժամանակ։ Ճնշման յուրաքանչյուր բարձրացում չէ, որ պետք է ուղղել, բայց դա պարտադիր է, եթե ունեք ուղեկցող հիվանդություններ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։