15/04/2022 18:50
Ձեռքերի խնամք՝ ծերացման կանխարգելում
Ձեռքերի մաշկը ավելի արագ է ծերանում, կորցնում տոնուսն ու չորանում, քան մարմնի և դեմքի մաշկը։ Սպասքը լվանալը և առօրյա այլ զբաղմունքները խիստ վնասում են ձեռքերի մաշկը։ Այն լավագույն դեպքում շփվում է ռետինե ձեռնոցների, իսկ վատագույն դեպքում՝ կենցաղային քիմիկատների հետ:
Ձեռքերի խնամքի, չորության պատճառների և դրանց դեպ պայքարի մասին Aysor.am-ը խոսել է մաշկաբան-կոսմետոլոգ Ռիմա Նազարյանի հետ։
Ձեռքերի մաշկի խոցելիության հիմնական պատճառը նրա ֆիզիոլոգիական առանձնահատկություններն են։ Այն բավականին բարակ է, թույլ ճարպային շերտով և անբավարար հիդրոլիպիդային թաղանթով, որը մենք անընդհատ վնասում ենք։
Մաշկի վաղաժամ ծերացումը կանխելու համար, մասնագետը խորհուրդ է տալիս հետևել մի քանի կանոնի.
Սպասքը լվանալու համար օգտագործեք յուղալի հյուսվածքով հեղուկ մաքրող միջոցներ
Նվազեցրեք մաշկի շփումը կենցաղային քիմիկատների հետ. մաքրումը կատարեք հատուկ ձեռնոցներով
Մի՛ մոռացեք լրացուցիչ խնամքի մասին՝ սկրաբներ, դիմակներ, հանքային լոգանքներ
Ժամանակ առ ժամանակ սրահում կատարեք մաշկի խորը վերականգնման պրոցեդուրաներ
Հետևեք ջրի ընդունման ռեժիմին, սննդակարգում ներառեք օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերքներ (ձուկ, բուսական յուղեր, ընկույզ)
Ձեռքերի մաշկը խնամքի կարիք ունի անկախ եղանակներից և օրվա ժամերից, սակայն հակատարիքային խնամքը տարբերվում է որոշ նրբերանգներով։ Մաշկաբան Ռիմա Նազարյանը ներկայացրեց նաև, թե եղանակով պայմանավորված ինչպիսի խնամք է անհրաժեշտ ձեռքերին և տարիքային տարբեր փուլերում ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել։
«Արևի ակտիվ սեզոնին ձեռքերի մաշկի ծերացման գլխավոր մեղավորը ուլտրամանուշակագույն ճառագայթումն է։ Ուլտրամանուշակագույն ճառագայթումը հրահրում է ֆոտոծերացում, որի նշաններն են չորությունը, մաշկի երանգի և տոնուսի նվազումը, պիգմենտացիան։ Ձեռքերի ամառային խնամքի մեջ գլխավոր դերը խաղում է պաշտպանիչ ֆիլտրով կրեմը։ Քաղաքում բավարար են SPF 20 ինդեքսով քսուքները, իսկ արդեն ծովափին կամ լեռնային արձակուրդի ժամանակ անհրաժեշտ է 50 SPF քսուք», - ասաց Նազարյանը։
Ցրտաշունչ և քամոտ եղանակին անպայման պետք է ձեռնոցներ կրել: Անհրաժեշտ է օգտագործել խոնավեցնող կամ սնուցող քսուք, քանի որ օդորակիչի կամ կենտրոնացված ջեռուցման պայմաններում առաջանում է ջրազրկում, կոպտություն և ձգվածության զգացում:
Ձմռանը օգտակար է վիտամինային հավելումներ ընդունել, կամ վիտամին E-ի յուղոտ լուծույթը քսել անմիջապես մաշկին։
Գիշերը մաշկը լավագույնս է ընկալում խնամքը։ Մինչ հանգստանում եք, ձեր մաշկը ակտիվորեն վերականգնվում է, քանի որ այն այլևս ներքին ռեսուրսներ չի ծախսում ուլտրամանուշակագույն լույսի դեմ պայքարելու համար:
Առավեկ հասուն տարիքում կոլագենի սինթեզի աստիճանական նվազումը իրեն զգացնել է տալիս. ամենայն հավանականությամբ, արդեն նկատելի է, որ մաշկը սկսել է կորցնել խտությունը և դարձել ավելի չոր: Այսպիսի պարագայում արժե պարբերաբար օգտագործել ձեռքերի խոնավեցնոցող շիճուկ և հիշել արևից պաշտպանվելու մասին։ Ընտրեք գլիցերինով և ալոե վերայով, կամ երիցուկի էքստրակտով և պանթենոլով քսուքներ՝ նախատեսված ձեռքի մաշկի համար։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։