15/04/2022 20:00
Երեխան կրծում է եղունգները. վատ սովորությո՞ւն, թե՞ հոգեբանական ռիսկ. Պատասխանում է մանկական հոգեբանը
Ըստ վիճակագրության՝ ամեն երրորդ երեխան և երկրորդ դեռահասը կրծում է եղունգները։ Եղունգները կրծելուն նպաստում են նյարդային համակարգի հիվանդությունները, վիտամինների և հանքանյութերի պակասն օրգանիզմում, սակայն հիմնական պատճառը, ամեն դեպքում, հոգեբանական է:
Երեխաների և դեռահասների շրջանում սուր արտահայտված այս խնդրի մասին Aysor.am-ը զրուցել է մանկական հոգեբան Մերի Հարությունյանի հետ։ Այն հարցին, թե որոնք են սովորության ձևավորման հիմնական գործոնները, մասնագետը պատասխանեց.
«Երեխայի յուրաքանչյուր սովորություն՝լինի լավ, թե վատ, առաջին հերթին ձևավարվում է ընտանիքից և տան անդամների վերաբերմունքից։ Եթե ընտանիքում տիրում է անառողջ մթնոլորտ, բնական է, որ այն բացասաբար կազդի երեխայի հոգեֆիզիկական զարգացման վրա՝ դրսևորվելով վատ սովորությունների տեսքով, որոնցից ամենանկատելին եղունգները կրծելն է։ Այնուհետև կարող է ազդող գործոն լինել շրջապատի, դպրոցի, հասակակիցների վատ վերաբերմունքը, երբ երեխան կփորձի, բայց չի կարողանա արտահայտել իր ագրեսիան՝ այն ուղղելով անմիջապես սեփակնա անձին»:
Վախի, տանգնապի, միայնության զգացման, լարվածության, ուշադրության կենտրոնացման և նույնիսկ ձանձրույթի պարագայում էլ երեխան կարող է առանց որևէ միտումնավորության սկսել կրծել եղունգները։ Ապա այս երևույթի բազմակի կրկնություններն կամրապնդվեն սովորության տեսքով և կդառնան ռեֆլեքս:
Եղունգները կրծելու վատ սովորությունը կանխարգելելու համար, հոգեբանը խորհուրդ է տալիս չսպասել, թե օրերից մի օր կանցնի այդ փուլը, այլ առաջին նշանները տեսնելուն պես դիմել և այցելել հոգեբանի (եթե խնդիրը տեսանելի է արտահայտված՝ նաև մաշկաբանի)։
Մերի Հարությունյանը ծնողներին տվեց խնդրի կարգավորման կարևոր խորհուրդներ.
Աշխատեք տանը չվիճել, ձայն չբարձրացնել, հատկապես՝ երեխայի ներկայությամբ
Խոսեք երեխայի հետ, փորձեք հասկանալ, թե նա ինչ խնդիրներ ունի
Մի՛ ծանրաբեռնեք երեխային
Հաճախ գովասանքի խոսքեր ասեք
Փորձեք նրա համար հետաքրքիր զբաղմունք գտնել, որպեսզի վատ սովորությունը գործի դնելու ժամանակ չունենա
Բացատրեք երեխային, թե ինչու է վտանգավոր եղունգները կրծելը (եղունգների ոչ էսթետիկ տեսք, վարակներ, ատամների և լնդերի խնդիրներ և այլն)
Խրախուսեք երեխային, երբ կտեսնեք, որ նա տևական ժամանակ չի կրծում եղունգները։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։