15/04/2022 19:30
Յոդը մարդու օրգանիզմում. ինչի կարող է հանգեցնել դրա պակասը
Մարդն օրական ստանում է 40-ից 80 մկգ յոդ՝ ինչը 2-3 անգամ պակաս է այս նյութի ամենօրյա պահանջից։ Յոդի նույնիսկ նվազագույն պակասը հանգեցնում է առողջության վատթարացման՝ անքուն գիշերներ, ցերեկային քնկոտություն, քրոնիկական հոգնածություն, հիշողության հետ կապված խնդիրներ և կենտրոնացման կորուստ:
Յոդի անբավարարությունից կարող են առաջանալ հետևյալ խնդիրները.
IQ ցուցանիշը նվազում է 10-15 միավորով
Կուտակվում է ավելորդ քաշ. վահանաձև գեղձի հորմոնների ցածր տոկոսը հանգեցնում է դանդաղ նյութափոխանակության, ինչն էլ իր հերթին՝ գիրության
Յոդը կնոջ օրգանիզմում շատ կարևոր է հղիության ընթացքում. պաշտպանում է վիժումից և պատասխանատու է պտղի առողջ զարգացման համար
Եթե սննդակարգը հավասարակշռված է, ապա պահանջվող քանակությունը գրեթե ամբողջությամբ ապահովվում է բուսական և կենդանական ծագման մթերքների սպառմամբ։ Յոդի 5-10%-ն օրգանիզմ է մտնում ջրի միջոցով։
Յոդը միկրոտարր է, առանց որի վահանաձև գեղձը չի կարող նորմալ գործել: Դրա պակասի խնդիրը արդիական է գրեթե ողջ աշխարհում։ Միայն ծովերի և օվկիանոսների ափերին ապրող ժողովուրդներին անհրաժեշտ չէ հավելյալ քանակությամբ յոդ. ջրամբարների մակերեսից այն գոլորշիանում է՝ շնչառությամբ ներթափանցելով օրգանիզմ։
Յոդի անբավարարության հետևանքով մոտավորապես 200 միլիոն մարդ վահանաձև գեղձի խնդիր ունի։ Առողջական խանգարումների հայտնաբերումը միկրոտարրերի բացակայության պատճառով տեղի է ունենում ուշացումով, քանի որ ախտանշանները հաճախ վերագրվում են գերբեռնվածությանն ու դեպրեսիային:
Չկա մի օրգան, որը յոդի կարիք չունենա։ Վահանաձև գեղձի համար այն հորմոնների սինթեզի հիմնական նյութն է։ Նրա հիմնական դերը մասնակցությունն է վահանաձև գեղձի հորմոնների արտադրությանը, որոնք պատասխանատու են մարմնում մի շարք կարևոր գործընթացների համար.
Խթանում են մտավոր զարգացումը
Նպաստում օրգանիզմի պատշաճ աճին
Կարգավորում արյան անոթների և սրտի աշխատանքը
Վերահսկում ստամոքսի և աղիքների գործառույթները
Մասնակցում միզասեռական համակարգի կարգավորմանը
Բարելավում նյութափոխանակությունը
Քանի որ յոդն օրգանիզմում չի արտադրվում, այն պետք է ստանալ սննդարար մթերքներից, որոնցից են ձկան միսը, կովի լյարդը, սաղմոնը, ծովախեցգետինն ու ֆեյխուան։
Յոդի ավելցուկ շատ հազվադեպ է նկատվում, ուստի, նույնիսկ յոդով սննդային հավելումներ ընդունելը բացասական հետևանքների չի հանգեցնի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։