15/04/2022 11:24
Ընդդիմադիրները փորձում են ապացուցել, որ մենք ոչ թե պետություն ենք, այլ՝ ախոռ, ու դա միայն նրա համար, որ հավակնեն ախոռի պետի պաշտոնը. ՔՊ-ական պատգամավոր
Մեր համար մշտապես կարևոր է եղել արցախցիների ազատությունը, իրավունքները և անվտանգության երաշխիքները։ Երբ հիմա վարչապետը խոսում է նշաձողի մասին, միանշանակ է, որ դրան զուգահեռ փորձում ենք այնպես անել, որ առաջինը խոսենք իրավունքների, ազատությունների ու անվտանգության երաշխիքների շուրջ միջազգային կոնսոլիդացիա ապահովելու մասին, ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ վերջին օրերին իշխանականների ելույթները խիստ տարբերվում են 2021 թվականի իրենց նախընտրական ծրագրից, այն է՝ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։
«Կարգավիճակն արդեն իսկ պետք է բխի այդ երաշխիքներից», - ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների գործողություններին՝ Ալեքսանյանն ասաց, թե վաղուց դադարել է դրանցում տրամաբանություն փնտրել։
«Հղում պետք է անեմ վարչապետի խոսքին, երբ նա ասաց, որ մենք պետություն ենք, ախոռ չենք։ Ուզում եմ ասել, որ Հայաստանում, ցավոք, կան մարդիկ, որոնք գուցե ապահովեն իրենց նեղ ճակատի կոնսոլիդացիա՝ ընդդեմ այս արտահայտության, փորձեն ապացուցել, որ մենք ոչ թե պետություն ենք, այլ՝ ախոռ, ու այդ ամենը միայն այն պատճառով, որ իրենք հավակնեն այդ ախոռում ախոռի պետի պաշտոնը», - ասաց Ալեքսանյանը: