15/04/2022 12:30
Չենք հապաղում, պարզապես մեկ «կրակոցի» հնարավորություն ունենք. Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ներկայացրեց՝ ինչի հիման վրա է ընդդիմությունը վստահ հայտարարում, որ իշխանափոխության դեպքում Արցախի հիմնահարցում հնարավոր է հասնել արդյունքների։
«Շատ պարզ․ էմպիրիկ փորձով, որովհետև տասնամյակներ շարունակ հայկական դիվանագիտությանը հաջողվել է իրական միջազգային հանրության, մասնավորապես, համանախագահ երկրների և հայկական դիրքորոշումները նույն ծիրում, նույն էջում գտնվելն ապահովել։ Եթե դա մեզ հաջողվել է առաջ, կհաջողվի նաև ապագայում», - ասաց պատգամավորը։
Հայկ Մամիջանյանը պատասխանեց նաև ամենից հաճախ հնչող հարցին՝ ինչու է ընդդիմությունը հապաղում։
«Չենք հապաղում, պարզապես մենք մեկ «կրակոցի» հնարավորություն ունենք, մենք հնարավորություն չունենք չպատրաստված, մանրամասն չպլանավորված գործողություններ անելու։ Եվ դրա պատճառով մեզ անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ գործողությունները հստակ մշակելու և դրանք հանրությանը ներկայացնելու։ Դա շատ փոքր ժամանակամիջոցի հարց է», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։