15/04/2022 18:30
Ռուսաստանից արտահանվող այլ ապրանքների դիմաց ռուբլով վճարելու հստակ ժամկետներ դեռ չկան․ Պեսկով
Գազից բացի, Ռուսաստանից արտահանվող այլ ապրանքների դիմաց ևս ռուբլով վճարելու մեխանիզմի ներդրման հստակ ժամկետներ դեռ չկան, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում անցում արվի նաև նավթի և ածխի դիմաց ռուբլով վճարումների համակարգին։
Պեսկովը նշել է, որ ՌԴ նախագահն արդեն իսկ հանձնարարել է աշխատել ազգային արժույթների օգտագործման շրջանակն ընդլայնելու ուղղությամբ։
«Այժմ ճիշտ չի լինի հստակ ժամկետներ նշելը, թե որ կոնկրետ ո՛ր խմբի ապրանքների նկատմամբ և երբ անցում կարվի ազգային արժույթների օգտագործմանը, դա բավականին բարդ աշխատանք է»,- հավելել է Պեսկովը։