15/04/2022 21:52
Ռուսաստանում հայտարարել են բեռնափոխադրումների հետ կապված դժվարությունների մասին․ միջազգային ընկերությունները հրաժարվում են համագործակցությունից
Մի քանի միջազգային բեռնափոխադրող ընկերություններ դեռ հրաժարվում են ռուսական ապրանքներ տեղափոխելուց, ինչը ժամանակավոր դժվարություններ է ստեղծում մեզ համար, հայտարարել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը։
«Ներկայումս որոշակի դժվարություններ կան՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հատկապես ոչ բարեկամ պետությունների մի շարք միջազգային բեռնափոխադրող ընկերություններ հրաժարվել են ՌԴ-ի հետ համագործակցությունից։
Ռուսական համարներով բեռնատարների մուտքի՝ ԵՄ սահմանած արգելքը և եվրոպական ապահովագրական ընկերությունների կողմից ՌԴ տարածքում գտնվող եվրոպական բեռնափոխադրողների բեռնատարների ապահովագրական ծածկույթի չեղարկումը ժամանակավոր դժվարություններ են ստեղծում բեռների փոխադրման գործընթացում»,- նշված է գերատեսչության հաղորդագրությունում։
Նախարարությունում նշել են նաև, որ օգնում են ռուսական ընկերություններին՝ բեռնափոխադրման հետ կապված խնդիրները լուծելու հարցում։
Նշենք, որ մարտի սկզբին ռուսական բեռնափոխադրումները դադարեցնելու մասին են հայտարարել այնպիսի խոշորագույն ընկերություններ, ինչպիսիք են Maersk-ը, MSC-ն, CGM-ը, Hapag-Lloyd-ը, իսկ DHL-ը դադարեցրել է առաքումները Ռուսաստան և Բելառուս։