15/04/2022 18:20
Սալավատ Շչերբակովը Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի իր տարբերակն է ներկայացնելու մրցութային հանձնաժողովին
Ռուսաստանցի քանդակագործ, ժողովրդական նկարիչ Սալավատ Շչերբակովը ժամանել է Հայաստան՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնաժողովին ներկայացնելու Փրկչի մոնումենտալ քանդակի իր տարբերակը։
Քանդակագործի աշխատանքները հայտնի են․ նա հեղինակել է Չեխովի, Վլադիմիր իշխանի, Միխայիլ Կալաշնիկովի արձանները, «Ֆաշիզմի դեմ պայքարում մենք միասին ենք» հուշահամալիրը, այլ գործեր, որոնց նկարագրությամբ ու պատկերներով ժողովածուն նվիրել է Գագիկ Ծառուկյանին՝ նրա հետ հանդիպման ժամանակ։
Հայաստանում Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիր ստեղծելու գաղափարի հեղինակ Գագիկ Ծառուկյանը անվանի քանդակագործին շնորհակալություն է հայտնել Հայաստան ժամանելու և համալիրի ստեղծման գաղափարը միասին քննարկելու համար։
«Իմ նպատակն է, որ մեր երկիրն աշխարհին լավագույնս ներկայացնենք, որ որպես առաջին քրիստոնյա պետություն, իսկապես աշխարհում լավագույն արձանն ունենանք։ Հենց նայես արձանին, պետք է ասես՝ սա Հայաստանինն է»,- ասել է Գագիկ Ծառուկյանը։
Սալավատ Շչերբակովը, ծանոթանալով Փրկչի արձանի նախագծերին, հատկանշական է համարել, որ մրցույթին մեծ թվով արվեստագետներ են մասնակցում։ Նա ասել է, որ սիրով պատրաստ է ներկայացնել նաև իր տարբերակը։
«Մեզ հիացրել է Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու՝ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը։ Այսօր աշխարհին հոգևոր վերելք է պետք։ Սա շատ հզոր մտահղացում է, որն անհրաժեշտ է ամբողջ աշխարհին։ Մարդկությունը հիմա հեշտ օրեր չի ապրում, մեծ պատիվ է մասնակցել այս մեգանախագծին»,- նշել է քանդակագործը։
Մանրամասները՝ տեսանյութում