15/04/2022 18:40
Ափսոս, որ միայն այժմ ենք անցում կատարում ռուսական գազի համար ռուբլով վճարմանը. էներգետիկայի հարցերով փորձագետ
Առնվազն վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանն առաջարկում էր ռուսական գազի համար վճարել ռուբլով, և ահա այսօր անցում ենք կատարում այդ տարբերակին. ափսոս, որ այսպիսի ծանր իրավիճակում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։
«Եթե ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելը դեռ 5 տարի առաջ նախաձեռնած լինեինք, հիմա ամեն ինչ ավելի հարթ և հանգիստ կընթանար։ Բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք։
Եվ Հայաստանի համար ամենակարևոր հանգամանքը․ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է՝ մանավանդ էներգետիկայի գծով։ Հայաստանը Ռուսաստանից գազ ստանում է երկարաժամկետ պայմանագրի արդյունքում և էականորեն ավելի ցածր գներով, քան շուկայական գներն են կամ տարածաշրջանում գազի այլ գները։ Այնպես որ, կարծում եմ՝ այս համագործակցությունը պետք է շարունակել և խորացնել»,- ասաց մեր զրուցակիցը։
Արա Մարջանյանի խոսքով՝ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելն ավելի մեղմ իրավիճակ է ենթադրում, արտարժութայի գոտում վայրիվերումներ չեն լինի։
«Նախկինում, հավանաբար կհիշեք, գազի գների բանակցոթյունների ժամանակ մեր արժույթը բավականին տարօրինակ վարք էր դրսևորում։ Կարծում եմ՝ հիմա գոնե այդ գործոնն այլևս չի լինի։ Բայց, կրկնեմ, շատ ավելի լավ կլիներ, եթե մենք ռուբլով վճարմանն անցած լինեինք տարիներ առաջ»,- ասաց էներգետիկայի հարցերով փորձագետը։
Արա Մարջանյանը նշեց նաև, որ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումը շարքաին սպառողների վրա ո՛չ դրական, ո՛չ բացասական ազդեցություն չի ունենա։
Հիշեցնենք՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը РБК-ին հայտնել էր, որ Հայաստանը ռուսական գազի համար վճարումները կատարում է ռուբլով։
Նա նշել էր նաև, որ գնագոյացումը տեղի է ունենում դոլարով, սակայն վճարումը կատարվում է ռուբլով։