15/04/2022 21:36
Գազի դիմաց ռուբլով վճարելը Հայաստանի համար շահեկան կլինի այն դեպքում, եթե ստեղծվի գազի ընդհանուր շուկա, կարողանանք գազ գնել ռուսական ներքին գներով. Փորձագետ
Ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելը Հայաստանի համար ձեռնտու է այնքանով, որ միջազգային բանկերից կամ հիմնադրամներից դոլար գնելու, այնուհետև ռուսներին դոլարով վճարելու կարիք այլևս չի լինի։ Մենք կարող ենք ռուսական կողմի հետ պայմանավորվել, հենց Մոսկվայի բորսայում դրամով ռուբլի ձեռք բերել և դրանով վճարել. ռուբլով վճարելու առավելությունը սա է՝ վճարման համակարգի թեթևացում և կողմերի միջև լրացուցիչ արժույթի բացառում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց էներգետիկայի հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։
«Հաշվարկը, միևնույն է, մնալու է նույնը։ Ապրիլի 1-ից սահմանին գազի գինը դարձել է մոտավորապես 178 դոլար, և այդ 178 դոլարն էլ մնալու է, ուղղակի վճարվելու է ոչ թե դոլարով, այլ ռուբլով՝ օրվա դոլար-ռուբլի հարաբերակցությությամբ»,- ասաց նա։
Ըստ մասնագետի՝ նոր համակարգը Հայաստանի համար շահեկան կարող է լինել այն դեպքում, եթե ստեղծվի գազի ընդհանուր շուկա, և Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, սկսի ռուբլով գազ գնել՝ ռուսական ներքին գներով։
«Այ, դա իսկապես օգուտ կլինի, որովհետև գները մեզ համար կիջնեն։ Այլապես այս պահին հասարակ սպառողի վրա փոփոխությունը որևէ դրական ազդեցություն չունի, որովհետև, կրկնում եմ, Ռուսաստանի հետ ընդհանուր շուկայի մեջ չենք, այլ պարզապես գազ գնող ենք»,- ասաց նա։
Արմեն Մանվելյանը հիշեցրեց՝ ԵԱՏՄ կանոնադրությունը դիտարկելիս տեսնում ենք, որ հիմնական նպատակն ընդհանուր էներգետիկ շուկայի ստեղծումն է, ինչը, սակայն, առայժմ ձգձգվում է։
«Ըստ տարբեր ծրագրերի՝ նախագիծը կարող է կյանքի կոչվել 2024 թվականին»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն РБК-ին հայտնել էր, որ Հայաստանը ռուսական գազի համար վճարումները կատարում է ռուբլով։
Նա նշել էր նաև, որ գնագոյացումը տեղի է ունենում դոլարով, սակայն վճարումը կատարվում է ռուբլով։