15/04/2022 09:50
«Ժողովուրդ». Ի՞նչ է լինելու Արցախի հարցը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման ու Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին դիսկուրսն օրակարգ բերելուց հետո հայաստանյան ոչ միայն քաղաքական դաշտը, այլեւ գրեթե ամբողջ հասարակությունը տարակուսած է՝ ինչ է լինելու Արցախի հետագա ճակատագիրը:
Ի տարբերություն ՀՀ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ պատգամավորները, իրար հերթ չտալով, վարչապետին «անկեղծ լինելու» համար շնորհակալություն էին հայտնում, իսկ Արցախի ԱԺ-ն երեկ Արցախը Ադրբեջանի կազմում բացառելու մասին հայտարարություն ընդունեց:
Ոչ միայն Արցախի պատգամավորները, այլեւ հայաստանյան քաղգործիչները, քաղաքագետներն ու մարդիկ առհասարակ հարց են բարձրացնում՝ եթե ՀՀ-ն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ի՞նչ է լինելու Արցախում խաղարար առաքելություն իրականացող ռուս խաղաղապահ զորքի հետ: «Եթե արտաքին քաղաքական վեկտոր եք ցանկանում փոխել, այդպես էլ ասեք»,- ՀՀ վարչապետին է դիմում Արցախի պատգամավոր Դավիթ Իշխանյանը:
Արցախում (եւ ոչ միայն) Փաշինյանի հայտարարությունը Ռուսաստանից հրաժարվելու ակնարկ են ընկալել, իսկ եթե դա այդպես է, ապա պետք է հասկանալ՝ որն է լինելու Ռուսաստանի արձագանքը: Փաստ է, որ Ռուսաստանը որեւէ տարածքից, որտեղ որ ներկայացվածություն ունի, որեւէ մեկի քմահաճույքով կամ հայտարարությամբ ձեռքերը պարզապես չի լվանում ու հեռանում: Օրինակ՝ Մերձդնեստրում, որտեղ ռուս-մոլդովական հակամարտությունը վաղուց սառեցված է, ավելի քան 3000 ռուս խաղաղապահներ շարունակում են իրենց առաքելությունը:
Փաշինյանի ոչ միանշանակ հայտարարություններից ու Արցախի ԱԺ-ի ընդունած հայտարարությունից հետո տրամաբանական է, որ պաշտոնական Մոսկվան իրավիճակի մասին պարզաբանումներ է պահանջելու՝ հրապարակավ, թե կուլիսային, դա հարցի 2-րդ կողմն է»: