15/04/2022 12:25
Միջազգային ամբողջ հանրությունը պատրաստվում է հետնիկոլական Հայաստանին․ պատգամավոր
Երեկ Նիկոլ Փաշինյանը տողակատակով մեղադրեց Ռուսաստանին՝ Հայոց ցեղասպանության պատճառ դառնալու մեջ, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«Երբ նա երեկ ասում էր, որ խորքային պատճառները պետք է նայենք, Փառուխի դեպքերի հետ էր զուգահեռներ տանում, իր ասածը հետևյալն էր՝ ես հանուն իմ իշխանության առևտրի մեջ եմ մտել Թուրքիայի հետ, այդ պրոցեսի արդյունքում Արցախը թողնելու եմ Ադրբեջանի կազմում և դրա դիմաց ստանամ երաշխիքներ իմ իշխանությունը պահելու համարԵվ եթե դրա գինն այն է, որ ես պետք է Ռուսաստանի դեմ աշխատեմ, ես պատրաստ եմ դրան։ Փաստացի, նրա հայտարարությունը դա էր նշանակում», - ասաց նա:
Թևանյանը նշեց՝ դրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությունից աջակցություն է ակնկալում՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու հարցում միայնակ չմնալու համար։
«Միջազգային հանրությունը, իրականում պատրաստվում է հետնիկոլական Հայաստանին, որովհետև բոլորը հասկանում են, որ եթե Նիկոլ Փաշինյանը հանկարծ, Աստված մի արասցե, հաջողի իր ծրագրում, միևնույն է, չի մնալու։ Այդ դեպքում պետք է հասկանալ՝ ով ինչ շահերի տիրույթում է հայտնվելու հետնիկոլական Հայաստանում», - ասաց պատգամավորը։
Անդրանիկ Թևանյանի կարծիքով՝ Հայաստանի հանրությունը նույնպես պետք է պատրաստվի «հետնիկոլական Հայաստանին», իսկ իրենք պետք է հասարակությանը ոտքի հանելու գործընթացը ճիշտ կազմակերպեն՝ փոփոխությունների հասնելու համար։
«Մարդկանց պետք է տանք այն մոտեցումը, որ իշխանափոխությունը ոչ թե պատերազմ է նշանակում, այլ նշանակում է խաղաղություն», - ասաց նա։