15/04/2022 19:45
Բացօթյա առևտրի դեմ պայքարում ենք հիմա արդեն ոստիկանության աշխատակիցների հետ․ քաղաքապետարան
Բացօթյա ապօրինի առևտուրը Երևանում վերացնելու համար քաղաքապետարանն ամեն օր ուժեղացված ստուգայցեր է անում՝ հիմա արդեն ոստիկանության աշխատակիցների հետ, հայտարարել է Երևանի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն՝ օրինախախտումն արձանագրելու համար պարեկների կողմից անձը տեղում նույնականացվում է, տվյալները ճշտվում ու փոխանցվում են:
2021 թվականին առևտրի ոլորտում կազմվել է շուրջ 2200 արձանագրություն, իսկ 2022-ի առաջին եռամսյակում՝ 500:
«Առաջին անգամ օրինախախտողները տուգանվում են 70-90 հազար դրամով, 2-րդ անգամ՝ 200 հազար դրամով, սակայն խնդիրը տուգանքը չէ, այլ այն, որ դա հաճախ հնարավոր չի լինում գանձել, որովհետև այդ մարդիկ անվճարունակ են»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ տեսանելի արդյունք կլինի, երբ օրենսդրական փոփոխություններ լինեն։
Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն՝ ով և որտեղ ցանկանա սննդամթերք վաճառել՝ չի կարող: Ըստ Առևտրի և ծառայությունների մասին օրենքի՝ բացօթյա առևտրով կարելի է զբաղվել միայն հատուկ թույլտվությամբ ու կոնկրետ ապրանքների դեպքում՝ ծաղիկ, ըմպելիք, պաղպաղակ:
Երևանի քաղաքապետարանը բացօթյա առևտուր իրականացնողներին առաջարկում է տեղափոխվել քաղաքի շուկաներ, որտեղ 1քմ-ի համար գինը մեկնարկում է 300-500 դրամից: Առևտրականների հետ քննարկվում է նաև նոր շուկաներ բացելու խնդիրը՝ պայմանով, որ մայթերին այլևս փողոցային առևտուր չլինի:
«Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը քաղաքապետարանը կշարունակի այնքան ժամանակ, մինչև խնդիրը վերջնականապես լուծվի: Միաժամանակ հասկանալի է, որ բացօթյա ապօրինի առևտրի վերացումը կախված է նաև քաղաքացիներից. պետք չէ գնել փողոցում վաճառվող ու առողջության տեսակետից վտանգավոր մթերքը»,- նշված է հաղորդագրությունում: