16/04/2022 18:00
Ձախլիկ երեխային աջլիկություն պարտադրելը կարող է առաջացնել նյարդային խանգարումներ
Ձախլիկությունը թերություն չէ, պայմանավորված է գլխուղեղի աշխատանքով։ Աջլիկների դեպքում առավել զարգացած է ձախ կիսագունդը, ձախլիկների դեպքում՝ աջ կիսագունդը: Հատկապես 5 տարեկանում ընդգծվում է երեխայի ձեռքի առաջատարությունը։
Կարևոր է հիշել՝ կան երեխաներ, որ նույն հաջողությամբ օգտագործում են երկու ձեռքն էլ։ Հնարավոր է լինել ձախլիկ, բայց միաժամանակ լավ նկարել, գրել և՛ աջ, և՛ ձախ ձեռքով: Աջլիկություն, բայց գրել և նկարել ձախ ձեռքով. կարող է պայմանավորվել աջ ձեռքի վնասվածքով, ֆունկցիայի խախտմամբ։
Ծնողները որպես կանոն հակված են երեխաներին սովորեցնել աշխատել աջ ձեռքով. աջլիկություն խրախուսելը պայմանավորված է աջակողմյան սոցիալիցազիայով։ Կենցաղում շատ ավելի հարմար է օգտագործել աջ ձեռքը, բայց եթե երեխային առավել հարմար է գործողություններ կատարել ձախ ձեռքով, չի կարելի ճնշել և փորձել «ուղղել» ձեռքը։ Աջլիկություն պարտադրելու հետևանքով կարող են առաջանալ տարածական կողմնորոշման, տեսողական և շարժողական ներդաշնակության, հիշողության խնդիրներ, դրսևորվի բարձր զգայունություն։
Ուսումնասիրությունները փաստում են՝ երբ ձախլիկներին ստիպում են փոխել ձեռքը՝ գործողություններ կատարել աջ ձեռքով, ի հայտ են գալիս նյարդային խանգարումներ, աջլիկություն պարտադրելն ազդում է վարքին, ուսման արդյունավետությանը։
Եթե ծնողները որոշում են հարկադրաբար երեխային դարձնել աջլիկ, պետք է գիտակցեն, որ այդպիսով միջամտում են գլխուղեղի աշխատանքին։ Որպես օրինակ կարելի է դիտարկել ժամացույցի աշխատանքը, եթե սլաքներից մեկի պտույտի ուղղությունը փոխվի, կխաթարվի համակարգի աշխատանքը։ Եթե երեխան ձախլիկ է, ապա աջ ձեռքով գործողություններ կանի առավել դանդաղ և պակաս հաջող։ Ձախլիկին աջլիկություն սովորեցնել նշանակում է խաթարել գլխուղեղի աշխատանքը. որպես հետևանք դանդաղում է զարգացման գործընթացը, երեխան ահռելի ռեսուրս է ծախսում ձախից աջ ադապտացիային։
Ձախլիկները դպրոցական կյանքին առավել դանդաղ են հարմարվում, քան աջլիկ հասակակիցները։ Կարևոր է ճիշտ կազմակերպել երեխայի կրթական գործընթացը. Ճիշտ է ձախլիկներին նստեցնել պատուհանի մոտ այնպես, որ լույսն ընկնի ձախից։ Տառեր սովորեցնելիս ոչ թե պետք է երեխայի կողքին կանգնել, այլ դիմացից ուղղություն ցույց տալ։
Այնուամենայնիվ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դպրոցական սկզբնական տարիներին դժվարություններ ունեցող ձախլիկները մի քանի տարի անց արդեն շրջանցում են աջլիկ հասակակիցներին՝ շնորհիվ այն հմտությունների, որ ձեռք են բերել ձախ ձեռքի առաջատարության շնորհիվ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։