16/04/2022 16:00
Գրասենյակից մարզասրահ. Ինչպե՞ս համատեղել աշխատանքն ու սպորտը՝ կօգնի հասկանալ ֆիթնես մարզիչը
Ֆիթնեսի հետ առաջին ասոցիացիաները կտրուկ հակադրվում են «գրասենյակային օձիքին»: Վառ մարզահագուստ և հարմարավետ սպորտային կոշիկներ՝ խիստ կոստյումի փոխարեն, շարժումներով լի օր՝ սեղանի և համակարգչի մոտ նստելու փոխարեն, սպորտային և սլացիկ կազմվածք, բազմազան ու հետաքրքիր մարզումներ՝ երկար ու ոչ միշտ կառուցողական հանդիպումների փոխարեն։
Ինչպե՞ս լինել շարժման մեջ և միևնույն ժամանակ ուենալ գրասենյակային աշխատանք, Aysor.am-ի հետ զրույցում կօգնի հասկանալ ֆիթնես մարզիչ Գոհար Իգիթյանը։
«Գրասենյակային ծանրաբեռնված աշխատանքից հետո ցանկալի է ժամանակ հատկացնել սեփական մարմնի առողջությանը, փորձել հաճախ քայլել, ընդունել ջրի անհրաժեշտ պաշարը և, ի վերջո, զբաղվել սպորտով։
Այժմ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել ֆիթնես ակումբների և նրանց կողմից մշակված տարբեր ծրագրերի. այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչի՞ կարիք ունի ձեր օրգանիզմն ու մարզիչի օգնությամբ կազմել համապատասխան մարզումների գրաֆիկը», - ասաց մարզիչը։
Մասնագետն անդրադարձավ մի շատ կարևոր հարցի ևս. այն է՝ չսահմանափակել շարժումների ազատությունը նույնիսկ աշխատավայրում։ Տեղեկատվական դետոքսը պարտադիր է, ընդմիջվեք հեռախոսից, սոցիալական ցանցերից և համակարգչից։
«Այս պարագայում անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ տեղից բարձրանալ, ձեռքերի, ուսերի և գլխի շրջանում վարժություններ կատարել, որպեսզի օրգանիզմն իրեն անտեսված չզգա և պատրաստ լինի առաջիկա աշխատանքային ժամերին։ Կարևոր է սեղանին ունենալ ջրով լի բաժակ. այն կօգնի բալանսավորել ձեր օրն ու կապահովի անհրաժեշտ էներգիայով», - մանրամասնեց Գոհար Իգիթյանը։
Մասնագետի հետ խոսեցինք նաև աշխատանքի և սպորտով զբաղվելու հոգեբանական կողմերի մասին.
«Մարզվողների հետ շփվելիս, մարզիչը կարողանում է նաև ինչ-որ հատվածում ընկերանալ նրանց հետ, առաջացնել փոխվստահության մթնոլորտ և մոտիվացնել դեռևս չկողմնորոշված հաճախորդներին։ Շատերը գամված են իրենց աշխատանքային աթոռներին և չեն ցանկանում դուրս գալ կոմֆորտ զոնայից։ Նման դեպքերում կարելի է առաջարկել ավելի թեթև վարժությունները, ծանոթացնել բուժական ֆիթնես ծրագրերին, կամ, սկզբնական փուլում, պարզապես ձգումներ կազմակերպել»։
Գոհար Իգիթյանը խորհուրդ տվեց հիշել, թե ինչու եք սիրում ձեր աշխատանքը, նույն կերպ սիրել ու հոգ տանել առողջության մասին, վերլուծել ֆունկցիոնալությունը, աշխատանքի և հանգստի ռեժիմ սահմանել։
Փախեք առօրյայից, ժամանակ հատկացրեք ձեր հոբբիին և սովորեք նոր բաներ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։