16/04/2022 16:35
Նիկոլը պատրաստում է հաջորդ պատերազմը, հաջորդ աղետալի ողբերգությունը, և հաջորդ թիրախը Սյունիքն է․ Արտակ Զաքարյան
«Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ Հայաստանի Զինված ուժերն զգալիորեն թուլանան։ Դեռ մինչև պատերազմը քայքայեց բանակն իր հիմար քաղաքականությամբ, ապօրինի ձերբակալություններով և բանակի ոգին թուլացնող կեղծ հայտարարություններով»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Զաքարյանն ընդգծել է, որ գործող իշխանությունը բանակում քաոս և անկառավարելի իրավիճակ է ստեղծել, պետությանը չի պատրաստել պատերազմի, ամեն ինչ արել է, որ ռազմական գործողություններում զինուժը մնա մենակ։
«Հիմա էլ ոչինչ չեն անում բանակի ներուժը, կարողությունները վերականգնելու և ավելացնելու համար։ Հստակ է՝ Նիկոլը և իր խունտան քանդում են Հայաստան պետությունը՝ հայ մարդուն դարձնելով անպաշտպան, կախյալ, քաղաքական և գոյաբանական առումով մուրացիկ։ ․․․ Մուրալ խաղաղություն Ադրբեջանից, Թուրքիայից, մյուսից, մուրալ անվտանգություն Ռուսաստանի Դաշնությունից և սեփական պաշտպանական կարողությունները հերթական անգամ քանդելով տանելը ուղղակի հանցագործություն է արդեն»,- ասել է Արտակ Զաքարյանը։
Պաշտպանության նախկին փոխնախարարը, այս համատեքստում մեկնաբանելով Փաշինյանի այն հայտարարությունը, թե սահմանը պետք է ոչ թե զինվորները պահեն, այլ սահմանապահները, և միջադեպեր չեն լինի այն ժամանակ, երբ այդ սահմաններին նշաններ լինեն, նշել է՝ նույն Զինված ուժերի մաս են նաև սահմանապահները։
«Ամբողջ խնդիրն այն է, թե ինչն են պահելու, որտեղ են պահելու, ինչ մեխանիզմներով և ինչի դիմաց։ Եթե քո դիմաց Ադրբեջանն արդեն իսկ կուտակել է խոշոր զորամիավորումներ, ծանր տեխնիկա, ավիացիա և հրթիռային տեխնիկա, իսկ դու հիմա խոսում ես լրիվ հակառակ գործողությունների մասին, նշանակում է, որ դու քո պետության տերը չես։ Եվ ոչ միայն պետությանը տերը չես ու նրա անվտանգության երաշխավորը չես, այլև հակառակորդի, թշնամու ներկայացուցիչն ես։
Հետ գնալու տեղ այլևս չկա, այլևս հանդուրժելու տեղ չկա։ Համբերելու, լավ բան ակնկալելու ոչ մի շանս այս ՔՊ կոչված, քաղաքական իմաստով՝ հրոսակախումբը տեղ չի թողել։ Զարմանում եմ, որ մինչև այսօր հասարակության մեջ կան մարդիկ, որոնք դեռևս Նիկոլ Փաշինյանի ասածների մեջ փորձում են հուսադրող բաներ գտնել։ Ո՛չ, մեծ խաբեության, ֆարսի ժամանակը պետք է ավարտել և հայ ժողովրդին պետք է համախմբել՝ Սփյուռքը, Հայաստանը, Արցախը։ Համախմբել և հասկանալ, թե վաղն ինչպես ենք կարողանալու մեր պատիվը, արժանապատվությունը, պետությունը, գոյությունն ու խաղաղությունն ապահովել։ Նիկոլ Փաշինյանը վտանգել է մեր խաղաղությունը, կեղծ թեզերը՝ «խաղաղության օրակարգը» միայն մտածել չկարողացող, պատմություն չիմացող, օրվա հացի փողով ապրող մարդկանց համար են։
Նիկոլը պատրաստում է հաջորդ պատերազմը, հաջորդ ողբերգությունը, աղետալի ողբերգությունը։ Հիմա էլ մենք աղետների միջով ենք անցնում, բայց գլոբալ առումով անկարողության և անդառնալիության գործընթացը հիմա շատ վարպետորեն, չգիտեմ՝ ում կողմից է կառավարվում, բայց հաստատ կառավարվում է դրսից, և, բնականաբար, ոչ բարեկամ երկրների կողմից։ Հայաստանը քայքայում են։ Արդեն համարում են, որ վերջ, մնացել է մեկ քայլ՝ Արցախն Ադրբեջանին փոխանցելու, և զուգահեռաբար քայքայում են նաև Հայաստանը։ Մենք բազմիցս ասել ենք, որ Սյունիքը ևս վտանգված է 44-օրյա պատերազմից հետո, մենք բազմիցս խոսել ենք, որ հաջորդ թիրախը Սյունիքն է»,- հայտարարել է Արտակ Զաքարյանը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում