16/04/2022 18:32
Հարության լույսը՝ մեր տներում ու հոգիներում․ այսօր ճրագների հետ եկեղեցուց դեպի մեր տուն տանենք անսպառ սերը, որ բխում է Աստծուց
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի խորհուրդը շատ կարևոր է քրիստոնյաների համար։ Ավարտվում է Մեծ Պահքը։ Որպես Քրիստոնյա՝ փառաբանում ենք Քրիստոսին, ով իրագործեց մեղավոր մարդկության փրկագործման ծրագիրը։ Այսօր՝ Ավագ շաբաթ օրը հիշատակվում են Հիսուսի թաղումը և գերեզմանի կնքվելը: Քրիստոս Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից, փաթաթվում պատանքով ու դրվում գերեզմանի մեջ: Վերջինիս մուտքը փակում են մի մեծ քարով: Եվ քանի որ ըստ հրեական օրենքի շաբաթ էր, աշակերտները հեռանում են գերեզմանից այն հույսով, որ հաջորդ օրը կվերադառնան, կխնկարկեն և կօծեն Հիսուսի մարմինը: Քրիստոս գերեզման դրվելով` իջնում է դժոխք և ավերում այն, իսկ երրորդ օրը հարություն է առնում, ինչպես որ Ինքն էր ասել:
Ավետարանական դրվագը նկարագրում է այս տեսարանը․ « Երբ երեկո եղավ, եկավ Հովսեփ անունով արիմաթիացի մի մեծահարուստ մարդ, որ Հիսուսին աշակերտել էր: Սա Պիղատոսի մոտ գնալով՝ Հիսուսի մարմինը խնդրեց: Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրվի: ԵՎ Հովսեփը, մարմինն առնելով, պատեց մաքուր կտավով և դրեց նոր գերեզմանի մեջ, որ փորել էր տվել ժայռի մեջ: Եվ մի մեծ քար, որպես կափարիչ, գերեզմանի դռան առաջ գլորեց ու գնաց: Այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը. նրանք նստած էին գերեզմանի դիմաց» (Մատթ. 27։ 57-61):
Այս օրը Հիսուս մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժոխքն ավերեց և բացեց հանգստյան տունը՝ Դրախտը: Աստվածորդին իր արյամբ փրկագործեց այն մարդկանց, ովքեր չարչարանքների էին մատնել նրան, ապա խաչել։ Մարդիկ, ովքեր օրեր առաջ ոստերով ու ցնծությամբ էին դիմավորել Քրիստոսին Երուսաղեմում, այժմ մատնեցին նրան ու խաչեցին։ Անգամ խաչի վրա Աստվածորդին փրկություն խնդրեց Իրեն խաչողների համար՝ ասելով․ «Հայր, ներիր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկ. 23.34)՝ սրանով իսկ ցույց տալով, որ հասարակ մեկը չէ, այլ Ինքը՝ Փրկիչն է։
Թեև Տիրոջ թաղման հիշատակի օրն Ավագ շաբաթն է, սակայն թաղման գլխավոր արարողակարգը կատարվում է Ավագ ուրբաթ երեկոյան: Իսկ Ավագ շաբաթ օրվա երեկոյան կատարվում է Սուրբ Զատկի ճրագալույցի արարողությունը։ Այս արարողությամբ էլ եզրափակվում է Մեծ պահքը, տրվում Սուրբ Հարության ավետիսը։
Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Այդպիսով՝ այսօր երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագ։ Սուրբ Ծննդյանը, ինչպես նաև Սուրբ Զատկին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Ճրագալույցի Պատարագը արդեն իսկ մեզ ամբողջությամբ մուտք գործել է տալիս Հարության խորհրդի մեջ: Այդ օրերին, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին, որից հետո մատուցվում է Սուրբ Պատարագ: Հայ Եկեղեցում տարվա մեջ միայն երկու անգամ է ճրագալույց կատարվում՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության նախատոնակներին: Վերջում ներկաները խորանի կանթեղից վառում են իրենց մոմերը և տանում իրենց տները՝ լուսավորելու համար աշխարհը լուսավորող Քրիստոսի լույսով: Ճրագալույցի Սուրբ Պատարագի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»:
Քրիստոսի Հարության ավետիսով լցվում ու ջերմանում են մեր հոգիները։ Սուրբ Հարության ավետիսը կարծես ճրագ լինի՝ համատարած մթության մեջ, որ գալիս է լուսավորելու մեր հոգիները, արթնացնելու հույսը, ավետելու փրկությունը։ Գնահատե՛նք այս հնարավորությունը, որ տրվել է մեզ՝ Քրիստոսի անգին զոհաբերության միջոցով։ Այսօր ճրագների հետ եկեղեցուց դեպի մեր տուն տանենք անսպառ սերը, որ բխում է Աստծուց։ Քրիստոսի հրաշափառ Հարությունը ևս մեկ հնարավորություն է՝ նորովի գնահատելու մեզ տրվածը և քայլելու թեկուզ դժվարին, սակայն մեր ընտրությամբ հաստատված, աստվածահաճո ուղով։
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»։