16/04/2022 16:05
Մարտակերտի շրջանում շփման գիծը խախտած ադրբեջանցիները վերադարձել են ելման դիրքեր
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում շփման գիծը խախտած ադրբեջանցիները արդեն ամբողջությամբ վերադարձել են մինչև այդ միջադեպը զբաղեցրած դիրքերը։
«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում էին կատարել: Մասնավորապես՝ հակառակորդն առաջ էր քաշել որոշ քանակությամբ կենդանի ուժ՝ փորձելով բարելավել իր դիրքերը չեզոք գոտում։
Նույն օրը՝ երեկոյան, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը համաձայնել էին վերադառնալ ելման դիրքեր։
Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ ադրբեջանական կողմն արդեն ամբողջությամբ վերադարձել է իր՝ մինչև վերոնշյալ միջադեպը զբաղեցրած դիրքերը։
Շփման գծի մյուս հատվածներում օպերատիվ-մարտավարական իրավիճակը հանգիստ է»,- նշված է շտաբի հաղորդագրությունում։