16/04/2022 17:58
Եթե «խաղաղության» գինն Արցախն է, ուրեմն դա խաղաղություն չէ՝ պետականազրկում, ստրկություն է
Aysor.am-ը զրուցել է պահեստազորի ավագ լեյտենանտ Նվեր Կիրակոսյանի հետ.
«Եղնիկները» չի պարտվել, պահվեց․ սարսափելի է զգացումը, թե կարող է ընկերներիդ կյանքի գնով, քո առողջության գնով պահված հողը նվիրաբերեն, հանձնեն թշնամուն։ Ինձնից շատ խաղաղություն չուզեն, բայց պարզ է, որ առաջարկվողը խաղաղություն չէ։ Պատերազմի դժոխքով անցած մարդը պատերազմ չի ուզի, բայց եթե պիտի զիջել Արցախը հանուն ինչ-որ վերացական խաղաղության, ես չեմ ընդունում դա։ Առաջարկվողը ստրկության, պետականազրկման օրակարգ է, բայց ոչ խաղաղության։
Ասպիրանտուրայում կրթությունը շարունակելուց հրաժարվեցի, ընդունվեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Ուզում էի համազորային սպա դառնալ, բայց հրետանավորների կարիք կար։ Մեկ տարի անց ընտրեցի «Եղնիկներում» ծառայությունը, արդեն ամուսնացած էի, բայց դա ինձ հետ չպահեց որոշումից՝ ընտրել ամենաբարդ ծառայությունը։ Գնում էի գիտակցմամբ, որ պիտի ամենաբարդ ճանապարհն անցնեմ կամքս կոփելու համար։ Ծառայության օրերին երեխաս ծնվեց, մեծանում էր, ես իրեն չէի տեսնում։ Գիտեի, որ երեխա ունեմ, բայց հուզական կապը չկար։ Զորացրվելուց վեց ամիս անց արդեն իրար զգում ենք, հիմա նոր ինձ լիարժեք հայր եմ զգում։
«Քաղաքակրթությունից» կտրված «Եղնիկներում» նոր՝ երևի ավելի իսկական քաղակարթություն բացահայտեցի ինձ համար։ Մի կտոր հացը բոլորինն էր, և այո, բավարարում էր բոլորին։ Մեր հրամանատարը մինչև պատերազմն էլ հերոս էր, ամեն օր պատրաստում էր պատերազմի, մեր տունն ամեն օր ամրացնում ու կառուցում էինք՝ դրսից-ներսից։
Պատերազմը սկսվեց. մեկ մեծ պայթյունը սարսափելի է, բայց դժոխք չէ, ինտենսիվ հրետակոծությունն է դժոխքը։ Երբ գիտակցում ես, որ կրակում են քեզ սպանելու համար, որքան էլ որ պատրաստ լինես, դժվար է ընկալել։ Հետո դարձավ սովորական։ Ես դասակի հրամանատար էի խաղաղ ժամանակ, պատերազմի երկրորդ օրվանից սկսած կատարել եմ մարտկոցի հրամանատարի պարտականությունները, պատասխանատու էի քառասուն զինվորի կյանքի համար։ Հրամանատարությունը խաղաղ օրերին այլ է, պատերազմի օրերին՝ այլ։ Եթե հանկարծ տեղակայման վայրը փոխելիս զինվորին մի բան լիներ, պատասխանատվությունը քոնն էր, քո խղճինը։ Քաղաքային, խաղաղ կյանքի պատասխանատվությունը չես համեմատի պատերազմի պատասխանատվության հետ։
Պատերազմի օրերին առնվազն հինգ դրվագում համոզվեցի, որ ճիշտ եմ արել ասպիրանտուրայից հրաժարվելու, ծառայության գալու համար. հենց ա՛յդ օրերին, հենց ե՛ս պիտի լինեի այդտեղ։
Հերթական ինտենսիվ հրետակոծության օրերից էր, արդեն կորցրել էինք Մատաղիսը, Թալիշը, թշնամին մեզ դիտարկում էր, այնինչ հրետանին չպետք է դիտարկվի։ Դասակներից մեկը ուժեղ հրետակոծության տակ էր․ կապ եմ տալիս ասում, որ շատ վատ կրակ է, ասում են՝ սպասել է պետք։ Նորից եմ կապ տալիս, ասում, որ եթե մինչև լուսաբաց տվյալ դասակի անձնակազմը չտեղափոխվի մյուս դասակի կրակային դիրք, զոհեր կունենանք։ Հարցրին՝ կարո՞ղ ես կազմակերպել, ասացի՝ այո։ Լուսաբացին համոզվեցինք, որ եթե չտեղաշարժվեինք, առնվազն տասնչորս հոգի ողջ չէր մնա։ Քառասուն հոգուց որևէ անդառնալի կորուստ չունեցանք, վիրավորներ շատ եղան, այդ թվում և ես։ Նոյեմբերի 4-ն էր, արկերի անձրև էր, տեղատարափ․ երեք արկ ընկավ, երկուսը՝ շատ մոտ, երրորդն ընկավ այնտեղ, որտեղ դրել էի զենքս. միլիմետրերի հեռավորություն կար կյանքի ու մահվան սահմանին։ Վիրավորվեցի, հասկացա՝ ինչքան հեշտ է մեռնելը, մթնում է, ոչինչ չես զգում։
Տեղափոխեցին Երևան։ Ամենադժվարն ընկերներիդ անունները լսելն էր։ Երբ հիվանդանոցից ամենամտերիմ ընկերներիցս մեկի հուղարկավորմանը գնացի, հասկացա, որ էս պատերազմն էլ երբեք չի ավարտվելու։
Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է համարձակվել խոսել Արցախը հանձնելու մասին։ Երրորդ Հանրապետության հիմքերը դրվել են Արցախյան շարժմամբ․ առանց այն էլ հոգեվարք ապրող պետության համար Արցախի մնացած հատվածի կորուստը մահվան դատավճիռ կլինի։
Թշնամին էլ հասկանում է, որ միայն վերցնելով չի լինի, առաջարկում է լոգիստիկա, ճանապարհներ, եթե համաձայնվում ենք, նշանակում է վաճառում ենք Արցախը՝ այդպիսով զրկվելով երբևէ որևէ հավակնություն ունենալուց, որովհետև արդեն վաճառել ես, արդեն գին են վճարել քեզ։
Չես կարող վագրի հետ բանակցել, եթե գլուխդ վագրի երախում է։ Նախ պիտի գլուխդ ազատես, ասել է թե՝ դիմադրես։ Մարդիկ պիտի կոշտ անհամաձայնություն հայտնեն կատարվողին։ Երբ ասում են՝ գործդ լավ ես անում, ուրեմն ծառայում ես պետությանդ, այնքան էլ ճիշտ չէ. մեր երկրում միայն գործդ լավ անելը շռայլություն է։ Հիմա էլ իրենց գործը լավ անող մարդիկ շատ կան, բայց մինչ գլուխդ կախ գործ ես անում, այդ ընթացքում մասնատվում է հայրենիքդ․ ո՞ւմ է պետք քո լավ աշխատելը։