17/04/2022 15:43
Հեռացնել հակապետական, հակաազգային իշխանությանը, ձևավորել վերկուսակցական իշխանություն, վերականգնել մեր պետականությունը, ինքնիշխանությունը․ Ազատության հրապարակում պայքարը շարունակվում է
Ազատության հրապարակում հավաքվելու, հետագա պայքարը միասին տանելու՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կոչին արձագանքել են բազմաթիվ քաղաքացիներ, Ազատության հրապարակում են նաև տարբեր քաղաքական-հասարակական գործիչներ, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ։
«Կարևոր է, որ այսօր հայտնվում են քաղաքական դեմքեր, որոնք փորձում են իսկապես այս կրիտիկական պահին ևս մեկ անգամ համախմբել ժողովրդին։ Պարոն Վանեցյանի այս քայլը վկայությունն է և՛ իր քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշման, և՛, որպես գեներալ, իր սկզբունքային դիրքորոշման մասին», - համատեղ պայքարի կարևորությունը լրագրողների հետ զրույցում ընդգծեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Պատգամավորը վստահություն հայտնեց՝ պայքարը շարունակություն է ունենալու, քայլ առ քայլ, կարճ ժամանակում ժողովուրդը դուրս է գալու ապատիայից, անտարբեր, հուսահատ վիճակից, համախմբվելով՝ կարողանալու է լուծել թիվ մեկ խնդիրը՝ հեռացնել այս իշխանությանը։
Իշխանափոխությունը, նրա խոսքով, առաջին քայլն է։
«Հեռացնել այս ապիկար, անկարող, հակապետական, հակաազգային իշխանությանը, ձևավորել վերկուսակցական, ազգի լավագույն ուժերը համախմբող կառավարություն, իշխանություն, մտածված քայլերով վերականգնել մեր պետականությունը, ինքնիշխանությունը և, ամենակարևորը, հայ մարդու արժանապատվությունը։ Վստահ եմ, որ այդպես էլ լինելու է», - ասաց Աղվան Վարդանյանը։
«Հայաստանը, հայ ժողովուրդը էլ նահանջելու տեղ չունի», - Ազատության հրապարակում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը՝ հավելելով, որ պայքարը շարունակելն ու վերջնակետին հասցնելն այլընտրանք չունի․ գործող իշխանությունն Արցախն ու Հայաստանը կործանման տանելու իր քաղաքականության վերջին ակորդն է հնչեցրել՝ ԱԺ -ում Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարություններով։
«Քայլը մերն է։ Եկե՛ք այստեղ, կանգնենք կողք կողքի։ Եթե իրար հետ կանգնած չենք, ուրեմն մեր ապագան, մեր՝ Արցախի և Հայաստանի ճակատագիրը որոշելու են մի խումբ բախտախնդիրներ, ովքեր զավթել են իշխանությունը»,- ասաց Խաչիկ Գալստյանը։
«Հայրենիք» կուսակցության անդամներից Արսեն Բաբայանն ընդգծեց՝ այլևս ժամանակ չունենք, պետք է Ազատության հրապարակից խնդիրը վերջնականապես լուծած դուրս գանք։
«Եթե այս խնդիրը լուծած դուրս չգանք, այլևս վերադառնալու տուն էլ չենք ունենալու, որովհետև տեսնում ենք շատ պարզ, որ թուրքերը, ադրբեջանցիները ամբողջ Հայաստանն են ուզում, իսկ այս իշխանությունը համաձայն է դրա հետ։ Մենք համաձայն չենք։ Ով համաձայն չէ, թող գա այստեղ, մենք սպասում ենք բոլորին։ Հայ ժողովուրդն ունի այլընտրանք, բայց այդ այլընտրանքը պետք է լինի առանց Նիկոլ Փաշինյանի, նա պետք է հեռանա, որպեսզի պահպանվի, փրկվի ամբողջ Հայաստանը»,- ասաց նա։