17/04/2022 19:53
Հիշում եմ՝ 1988-ին ինչպես էինք օրերով նստում Ազատության հրապարակում, հիմա էլ նույնն է պետք անել. Գուրգեն Մելիքյան
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ Ազատության հարապարակ գալու կոչին արձագանքել են բազմաթիվ քաղաքացիներ, հանրային գործիչներ, այստեղ է նաև Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը:
«Չենք թողնելու Արցախը հանձնեն, անպայման բոլորը ոտքի են կանգնելու, հակաազգային տեսակին պարտվելու իրավունք չունենք», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա։
«Հիշում եմ 1988 թ.-ին ինչպես էինք օրերով նստում Ազատության հրապարակում, հիմա էլ նույնն է պետք անել, միայն թե վաղը բացակայելու եմ, Արցախ եմ գնալու, աջակցություն պիտի հասցնենք. երկու ճակատով պիտի տանենք մեր պայքարը», - նշեց նա։
Պրոֆեսորն ասում է՝ իր ներկայությամբ հույս ունի հավատ ներշնչել երիտասարդներին՝ չհուսահատվելու, շարունակելու պայքարը Արցախի, պետականության համար:
«Դարեհ Վշտասպն ասում է՝ Երկիրս հեռու պահիր թշնամուց, ստից և երաշտից, ես ավելացնում եմ՝ հոգևոր արժեքների երաշտից։ Հիմա այս երեքն են տիրապետող մեր երկրում, պիտի ազատվենք: Մեր ազգը վերագտնելու է իրեն, հավատում եմ», - նշեց Մելիքյանը։