18/04/2022 18:10
Մանկական վախեր. ինչպես ծնողները պետք է օգնեն փոքրիկին հաղթահարել դրանք
Աշխարհում, հավանաբար, չկա մի մարդ, որը փոքր տարիքում վախեր ունեցած չլինի. վախ՝ մթությունից, վախ, որ մայրիկն իրեն կմոռանա մանկապարտեզում և այլն։ Իհարկե, ֆոբիաների մի մասը տարիքի հետ վերանում են, սակայն որոշներն ամբողջ կյանքում շարունակում են մնալ մարդու ենթագիտակցությա մեջ։
Aysor.am-ի թղթակիցը մանկական ֆոբիաների թեմայի շուրջ զրուցել է մանկական հոգեբան Անի Սարգսյանի հետ։
- Անի՛, խնդրում եմ՝ թվարկեք առավել տարածված մանկական ֆոբիաները. ինչի՞ հետևանք են դրանք։
- Վախերը շատ տպավորվող և էմոցիոնալ, վստահող լինելու և հորինվածքը իրականությունից չտարբերելու հետևանք են: Պատճառները բազմազան են և կարող են լինել բացասական ապրումները, մեծահասակների կողմից վախեցնելը, գերխնամքը, համակարգչային խաղերը, ֆիլմերը, հեքիաթները:
Տարբերում ենք տարիքային վախեր: Օրինակ 2-3 տարեկանում վախենում են մեծ կենդանիներից, բարձրությունից: 6-7 տարեկանում առավել շատ հանդիպում ենք մթության և մենակ մնալու վախերին: 8-9 տարեկան երեխաները վախենում են ծնողների մահից, քանի, որ արդեն գիտակցում են, թե ինչ է մահը: Եվ առանձնահատուկ բոլոր տարիքի երեխաների համար ուզում եմ նշել ֆիլմերի և տեսահոլովակների դերը վախերի ձեռքբերման գործում:
- Արդյոք մանկական ֆոբիաներն ինքնուրույն հաղթահարելի՞ են, թե՞ երեխան անկարող է միայնակ «գլուխ հանել»։
- Շատ դեպքեր կան, երբ երեխաներն իսկապես ինքնուրույն հաղթահարում են իրենց վախերը: Սա կախված է նրանից, թե ինչ աստիճանի վախի մասին է խոսքը, և մեծահասակների կողմից ինչ աջակցություն կա:
- Անի՛, մինչև մանկական հոգեբանին դիմելը ծնողները կարո՞ղ են օգնել ֆոբիաներ ունեցող իրենց փոքրիկներին։
- Իհարկե, կարող են։ Եթե անգամ վախը չհաղթահարվի, ապա իրավիճակը գոնե կմեղմանա: Երբեք պետք չէ երեխային ծաղրել իր «անհեթեթ» վախի համար, պետք չէ բարկանալ, պատժել, ահաբեկել, պետք չէ երեխային վախեցնել մեկ այլ բանով՝ մտածելով, թե կշեղվի իր հիմնական վախից, և, որ շատ արդիական է, պետք է հետևել, թե ինչ մուլտեր, ֆիլմեր է դիտում, ինչ բլոգերների է հետևում:
- Մանկական ֆոբիաները, հետևողականորեն չհաղթահարելու դեպքում, կարո՞ղ են իրենց հետևանքները թողնել արդեն հասուն տարիքում։
- Ինչպես ցանկացած երևույթ, հույզ, զգացմունք, վախերը նույնպես իրենց ազդեցությունն են թողնում: Սակայն սա շատ անհատական է։ Առհասարակ, պետք է հետևողական լինել և փորձել վերջնականորեն հաղթահարել առաջացած վախերը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։