18/04/2022 20:00
Ի՞նչ խնդիրների մասին կարող է հուշել փռշտոցը. Ախտորոշման և բուժման խորհուրդներ քիթ-կոկորդ-ականջաբանից
Փռշտալը շնչառական օրգանների բնական պաշտպանիչ ռեակցիան է գրգռիչների նկատմամբ։ Ախտանիշը հրահրվում է քթի մեջ փոշու մասնիկների և սուր հոտերի ներթափանցմամբ։ Մարդկանց 20-25%-ի մոտ դրսևորվում է թեթև փռշտոցի ռեֆլեքս՝ պայծառ լույսին կամ արևին նայելիս, տաք սենյակից սառը օդի մեջ հայտնվելիս և հակառակը։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում քիթ-կոկորդ-ականջաբան Ժենյա Սարգսյանը խոսեց փռշտոցի առաջացման պատճառների և դրա ֆոնին սրվող հիվանդությունների մասին.
«Ախտանիշը հաճախ նկատվում է չոր օդով սենյակում երկար մնալիս. սա հատկապես նկատելի է ձմռանը, երբ աշխատում են ջեռուցման մարտկոցներն ու օդորակիչը։ Մարդը պարբերաբար փռշտում է, քթում մշտական չորություն և անհարմարություն զգում, արտազատվում է մածուցիկ լորձի չնչին քանակություն։ Երբեմն քթի լորձաթաղանթի չորացումը հանգեցնում է մազանոթների վնասմանը, և նկատելի են դառնում արյան շերտեր։
Բորբոքային պրոցեսը փռշտոցի ամենատարածված պատճառն է։ Արտադրությունն առաջանում է հիմնականում շնչառական վարակների դեպքում՝ գրիպ, ռինովիրուս, ադենովիրուս։ Սակավ դեպքերում ախտանիշը կապված է բակտերիալ պաթոգենների գործողության հետ»։
Փռշտալը դառնում է բրոնխիալ ասթմայի նոպաների ուղեկից, նկատվում է քթի մեջ քոր, կոկորդի ցավ, հազ։ Ֆիզիոլոգիական ռեֆլեքսը հրահրվում է սառը օդի, ծխախոտի ծխի, ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ սթրեսի պատճառով:
Բժիշկ Սարգսյանը նշեց նաև, որ շատ հիվանդություններ (կարմրախտ, կարմրուկ), որոնք առավել բնորոշ են մանկությանը, նույնպես կարող են արտահայտվել փռշտոցով։ Փռշտոցը զարգանում է հիվանդության առաջնային շրջանում, իսկ արդեն 2-3 օր հետո ի հայտ են գալիս յուրաքանչյուրին բնորոշ նշաններ։
«Քիթ-կոկորդ-ականջաբանի մոտ առաջին այցի ժամանակ, բժիշկը հետաքրքրվում է ախտանիշների առաջացման ժամանակահատվածի, բուժման քայլերի մասին։ Օբյեկտիվ հետազոտությամբ մասնագետը ուշադրություն է դարձնում մաշկային ցաների առկայությանը, լսում է թոքերը, որպեսզի ժամանակին հայտնաբերի հիվանդության տարածումը՝ դեպի ստորին շնչուղիներ։ Ախտորոշման համար օգտագործվում են լաբորատոր և գործիքային մեթոդներ», - մանրամասնեց Ժենյա Սարգսյանը։
Անկառավարելի փռշտոցի պարագայում, բժիշկը խորհուրդ է տալիս օգտագործել աղի լուծույթներ (անպայման բժշկի ցուցմամբ և հսկողությամբ), որպեսզի հեռացվեն պաթոգեն մասնիկները և դադարի արտահոսքը. այն նաև կնպաստի լորձաթաղանթի խոնավեցմանը։
Ալերգիկ փռշտոցը նվազեցնելու համար պետք է սահմանափակել շփումը գրգռիչ գործոնների հետ. ծառերի ծաղկման շրջանում ավելի քիչ լինել դրսում, պարբերաբար կատարել թաց մաքրում՝ փոշուց ազատվելու համար: Ալերգիկ դրսևորման սրման դեպքում ցանկալի է նվազեցնել ելակի և ցիտրուսային մրգերի, շոկոլադի և սուրճի, գետնանուշի ընդունումը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։