18/04/2022 18:30
Շուրթերի ճաքերի կլինիկական պատկերը. Որոնք են պատճառները
Հաճախ շուրթերի չափից ավելի չորությունն ու ճաքերն առաջին անգամ սկսում են ի հայտ գալ մանկության և պատանեկության շրջանում: Մաշկը դառնում է ձիգ և շերտավոր, աստիճանաբար առաջանում են ճաքեր և խոցեր: Երեխան անընդհատ անհանգստություն և ախտահարված մակերեսը լիզելու ցանկություն է զգում, ինչը մեծապես խորացնում է իրավիճակը:
Aysor.am-ը խնդրի մասին խոսել է բժիշկ-մաշկաբան Աննա Սարոյանի հետ՝ պարզելու առաջացման պատճառներն ու կանխարգելման մեթոդները։
«Շրթունքների ճաքերի պատճառները տարբեր են և կարող են գործել համակցված։ Որպես կանոն, հիվանդությունը հիմնված է բերանի խոռոչի անոթային և նյարդային կառույցների կառուցվածքի և աշխատանքի խանգարումների վրա: Կանանց և տղամարդկանց շրթունքները հաճախ ճաքում են տարբեր վարակիչ պրոցեսների (հերպես), ալերգիաների կամ ներքին օրգանների և համակարգերի հիվանդությունների ֆոնին (աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ, էնդոկրինոլոգիական հիվանդություններ, իմունային անբավարարություն և այլն)»,- ասաց բժիշկ-մաշկաբանը։
Շատ դեպքերում էլ շրթունքները ճաքում են հետևյալ գործոնների ազդեցության տակ՝
Շրթունքները լիզելու, կծելու կամ դիպչելու սովորություն
Ծխելը (ծխախոտի և բարձր ջերմաստիճանի ծուխը վնասում է նուրբ մաշկը և բերանի լորձաթաղանթը)
Անբարենպաստ պայմաններ (չոր օդ բնակարանում, սառնամանիք, ուժեղ քամի)
Երկարատև շնչառություն բերանով. օրինակ՝ շեղված միջնապատով, կամ ադենոիդներով
Սխալ սնուցում՝ մթերքների և խմիչքների մեծ քանակության սպառմամբ, որոնք նպաստում են մաշկի և բերանի լորձաթաղանթի վնասվածքներին
Վիտամինների և միկրոէլեմենտների անբավարարություն
Քրոնիկ տրավմա (պրոթեզներ, պիրսինգ)
Աննա Սարոյանը նշեց, որ որպես կանոն, իրավիճակը առավել սրվում է ցուրտ եղանակին։ Քնի ժամանակ ճաքերն հաճախ ծածկվում են բարակ պաշտպանիչ թաղանթով, սակայն առավոտյան շուրթերը շարժելիս վերքը նորից բացվում է։ Եթե շրթունքները ճաքում են մինչև արյունոտվելը, ապա գործ ունենք բորբոքումների և երկրորդական վարակների հետ:
Խնդիրն ազդում է նաև մարդու ինքնազգացողության և առօրյա կյանքի կազմակերպման վրա։ Հիվանդը դժվարանում է ժպտալ, ուտել, խոսել ու նորմալ կյանք վարել. հաճախ նկատվում է ուժեղ ցավ: Որոշ դեպքերում հիվանդները զգում են հուզական անհարմարություն իրենց տգեղ արտաքինի, կամ կանցերոֆոբիայի պատճառով (վախ, որ այս արատը կվերածվի չարորակ նորագոյացության):
Մասնագետը խորհուրդ է տալիս բուժումն իրականացնել բժշկի հսկողության ներքո։ Բժիշկը հետազոտությունից և ախտորոշիչ միջոցառումներից հետո կընտրի օպտիմալ թերապիա՝ կախված առկա փոփոխությունների ծանրությունից և ուղեկցող հիվանդությունների առկայությունից: Որպես կանոն, բժիշկը տալիս է իր առաջարկությունները բերանի խոռոչի խնամքի համար, նշանակում է դիետա և որոշակի դեղամիջոցներ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։