18/04/2022 19:30
Ինչի՞ն պետք է գարնանն ուշադրություն դարձնեն սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդիկ. խորհուրդներ՝ սրտաբանից
Գաղտնիք չէ, որ բոլոր, այդ թվում՝ սիրտ-անոթային հիվանդությունները, գարնանը սրվում են։ Ինչպե՞ս հետևել առողջությանը, ո՞ր գանգանտների դեպքում դիմել բժշկին՝ հետագա բարդացումներից խուսափելու համար։
Այս և այլ հարցերի շուրջ Aysor.am-ի թղթակիցը զրուցել է սրտաբան Լաուրա Սահակյանի հետ։
- Տիկի՛ն Սահակյան, գարնան ամիսներին հատկապես ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնեն սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդիկ, ինչի՞ց պետք է զգուշանան։
- Առաջին հերթին՝ զարկերակային ճնշումից, որովհետև եղանակային տատանումների հետ կապված՝ հատկապես մետեոզգայուն անձանց մոտ շատ են դիտվում զարկերակային ճնշման տատանումներ։ Խորհուրդ է տրվում մանավանդ զարկերակայի հիպերտենզիայով պացիենտներին ամենօրյա ճնշաչափում իրականացնել, բարձրացման դեպքում համապատասխան դեղորայք ընդունել։ Սակայն եթե ոչ մի կերպ չի ստացվում վերահսկել զարկերակային գերճնշումը, անպայման պետք է դիմել բուժօգնության։
- Հայաստանում սրտամկանի ինֆարկտի դեպքեր ավելի շատ կանա՞նց, թե տղամարդկանց շրջանում են գրանցվում։
- Երկու սեռի ներկայացուցիչների մոտ էլ։ Ուղղակի խնդիրը կայանում է նրանում, թե որ տարիքային խմբին են նրանք պատկանում։ Օրինակ՝ կանանց մոտ մինչև դաշտանադադարի տարիքը սրտանոթային հիվանդություններ ավելի քիչ են հանդիպում, բայց դա չի վերաբերում զարկերակային հիպերտենզիային. այն Հայաստանում շատ տարածված է։ Դաշտանադադարից հետո կանանց մոտ սրտանոթային հիվանդությունների տոկոսային հարաբերակցությունը չի զիջում տղամարդկանց, հավասարվում և մի բան էլ ավելի ծանր ընթացք է գրանցվում։
- Տիկին Սահակյան, իսկ սիրտ-անոթային հիվանդությունները մեր երկրում երիտասարդացման միտում ունե՞ն։ Ձեր պրակտիկան ի՞նչ է ցույց տալիս։
- Այո՛, շատ։ Հատկապես հիմա նախատրամադրող, ռիսկային շատ գործոններ կան՝ սխալ ապրելակերպ, ֆիզիկական փոքր ակտիվություն, ճարպոտ-աղի սնունդ, ծխել, քնի պակաս, սխալ ռեժիմ, ավելորդ քաշ և իհարկե սթրես, որը Հայաստանոմ վերջին շրջանում շատ-շատ է։ Այս բոլոր գործոնները գումարվում են իրար և բարձրացնում սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։
Ինչ վերաբերում է զարկերակային գերճնշմանը, ապա այն շատ-շատ է երիտասարդացել։ Իմ պրակտիկայում գերճնշումով բուժօգնության դիմած ամենաերիտասարդ պացիենտը 20 տարեկան է եղել։
- Խոսենք սիրտ-անոթային հիվանդություններով պացիենտների ֆիզիկական ակտիվության մասին։ Դուք միայն բուժական ֆիզկուլտուրա՞, թե նաև մարզասրահներում ակտիվ մարզվել եք թույլ տալիս։
- Դա կախված է նրանից, թե տվյալ պահին ինչ-որ հիվանդություններ կան, թե ոչ։ Եթե առկա են սրացման շրջանում գտնվող սրտանոթային հիվանդություններ, գերակտիվությունը ցանկալի չէ, բայց ինչ վերաբերում է ֆիզիոլոգիական ակտիվությանը, այսինքն՝ քայլքին, որևիցե խնդիր չկա, քանի դեռ սահմանափակող գործոններ չկան։ Պացիենտն ինքն է սուբյեկտիվ գանգատներով զգում՝ ինչ աստիճանի ակտիվություն կարող է ունենալ։
Ինչ վերաբերում է սպորտային ակտիվությանը, ապա եթե սրտանոթային հիվանդությունների սրացում կամ զարկերակային գերճնշում չկա, մարզվել կարելի է, հակառակ դեպքում ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ՝ հասկանալու թույլատրելի ծանրաբեռնվածության շեմը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։