18/04/2022 19:49
Պայքարն իրականացնելու ենք ապակենտրոն ճանապարհով, ունենք հստակ գործողությունների պլան․ կարճ ժամանակում հասնելու ենք մեր վերջնական նպատակին․ Վանեցյան (Տեսանյութ)
Ես չեմ ստանձնել ընդդիմության գործողությունների, գործիչների դեմքը լինելու պարտավորություն, ես, որպես ՀՀ քաղաքացի, եկել եմ և իմ բողոքի ձայնն եմ բարձրացրել, Ազատության հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Քաղաքական գործիչն ընդգծեց՝ պայքարի մեկ օրվա ընթացքում Ազատության հրապարակ են եկել ընդդիմադիր գրեթե բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, խորհրդարանական ընդդիմության գործիչները, միասին քննարկվել են հետագա քայլերը, քանի որ բոլորի նպատակը նույնն է՝ կանգնեցնել պարտության անիվը, վերջ տալ քաոսին։
«Մենք որոշել ենք պայքարն իրականացնել ապակենտրոն ցանցային ճանապարհով, ունենք հստակ գործողությունների պլան։ Որոշ ժամանակ անց դուք ամենօրյա ռեժիմով ականատես կլինեք այս բողոքի ակցիայի և մեկնարկող այլ բողոքի ակցիաների զարգացմանը և ընթացքին», - ասաց Արթուր Վանեցյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ հանուն հայրենիքի պայքարող յուրաքանչյուր քաղաքացի իր լուման է ունենալու վերջնանպատակին հասնելու գործում։
«Իհարկե, արագությունը կախված է շատ հանգամանքներից, բայց համոզված եմ, որ կարճ ժամանակահատվածում իսկապես այս անգամ լրջագույն փոփոխություններ ենք ունենալու և հասնելու ենք մեր վերջնական նպատակին՝ ուժեղ Հայաստան, ուժեղ Արցախ, ինքնիշխան, տարածքային ամբողջականությունը պահպանած պետություն և լավ ապրող քաղաքացի», - ասաց Արթուր Վանեցյանը։