18/04/2022 19:57
Փողոցի ճնշման տակ իշխանափոխությունը իրականացվելու է խորհրդարանում․ մանդատները մեզ պետք են գալու այդ գործն ավարտին հասցնելու համար․ Վանեցյան (Տեսանյութ)
Այս պայքարը հանուն հայի է, հանուն հայկականության է, հանուն Արցախի է և հանուն Հայաստանի է, այս պայքարը ընդհանրապես հանուն իշխանության չէ, Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա պատասխանեց խմբակցության մանդատները վայր դնելու հավանականության մասին հարցին։
«Համարեք՝ դրել ենք։ Այստեղ ենք, փողոցում ենք, խորհրդարանում չենք, ժողովրդի հետ ենք, ամեն օր շփվում ենք ժողովրդի հետ։ Իմ մասով կարող եմ ասել՝ մի խորհրդարանում, որտեղ հայտարարում են, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, մի խորհրդարանում, որտեղ ասում են, որ Արցախում բնակվող հայը կարող է ապրել ադրբեջանցու ենթակայության տակ, ես այդ խորհրդարանում չգիտեմ՝ այլևս ինչով պետք է զբաղվեմ։ Այնպես որ, մանդատը դնելը կամ չդնելը տեխնիկական հարց է, բայց, այնուամենայնիվ, իշխանափոխությունը իրականացվելու է խորհրդարանում։ Փողոցի ճնշման տակ իշխանափոխությունը իրականացվելու է խորհրդարանում։ Եվ այդ մանդատները մեզ նաև պետք են գալու այդ գործն ավարտին հասցնելու համար», - ասաց Արթուր Վանեցյանը։