18/04/2022 20:09
Սթափվող հասարակության հետ կարճ ժամանակում կփոխենք իրավիճակը․ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար (Տեսանյութ)
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ասուլիսի ժամանակ մանրամասնեց՝ ինչու է ընտրել պայքարն Ազատության հրապարակում տանելու, այնտեղ մնալու տարբերակը։
«24 ժամից ավելի է՝ Ազատության հրապարակում եմ, շփվել եմ հազարավոր մարդկանց հետ։ Տարբեր մարդիկ են գալիս, հարցեր են տալիս, որոնց պատասխաններն ստանալուց հետո հասկանում են, որ իրենք մոլորության մեջ էին։ Փողոցում գտնվելը, մարդկանց հետ անմիջականորեն շփվելը հենց այդ հարցն է լուծում», - ասաց Արթուր Վանեցյանը։
Ընդդիմադիր քաղաքական գործիչն ընդգծեց՝ հասարակության հետ կապը խզվել էր ոչ թե ընդդիմության, այլ գործող իշխանության դրած արհեստական բաժանումների պատճառով։
«Մարդիկ կան, որ ամաչելով ասում են՝ գիտե՞ք, մենք ընտրել ենք Նիկոլ Փաշինյանին կամ ՔՊ-ին։ Օգտվելով առիթից՝ հիմա էլ եմ ասում․ դուք սխալվել եք, ոչինչ, բոլորս էլ կարող ենք սխալվել։ Կարևորը ժամանակին կանգ առնելն ու ճիշտ որոշում կայացնելն է», - ասաց Վանեցյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ սթափվող հասարակության հետ կարճ ժամանակում կփոխեն իրավիճակը։