18/04/2022 17:43
ԵԱՏՄ-ի շրջանակում կառավարությունը շարունակելու է նախաձեռնողական և փոխշահավետ համագործակցությունը. Վահան Քերոբյան
Եվրասիական տնտեսական միության, նրա անդամ պետությունների եւ Սինգապուրի միջեւ առեւտրային կապերի զարգացման ու տնտեսական համագործակցության խրախուսման համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ: Այս մասին բարձրաձայնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` քննարկման ներկայացնելով ««Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների, մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության, մյուս կողմից, միջեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը:
Նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 18-ի նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը:
Փաստաթղթով նախատեսվում է նաեւ երկրների միջեւ վերացնել արգելքներն առեւտրի եւ ներդրումների ոլորտներում, նվազեցնել բիզնեսի ծախսերը եւ բարձրացնել տնտեսական գործունեության արդյունավետությունը:
Նախարարի խոսքով` համաձայնագրի վավերացումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի դրույթներից:
«ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանի կառավարությունը շարունակելու է նախաձեռնողական եւ փոխշահավետ համագործակցության վերաբերյալ քննարկումները` միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, գործընկեր երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճին եւ կոոպերացիաների զարգացմանը»,- ընդգծել է Վահան Քերոբյանը:
Փաստաթուղթը ստորագրվել է 2019թ. հոկտեմբերի 1-ին` Երեւանում:
Քննարկված համաձայնագիրն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: